Համաշխարհային բանկի համաձայն, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում շարունակվող անկայունությունը նպաստել է սննդամթերքի գների աննախադեպ աճին` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձրացնելով դրանք 36 տոկոսով:
Պարենի գների աճի պատճառով աշխարհում ևս 44 միլիոն մարդ, որոնց օրական եկամուտը պակաս է 1,25 դոլարից, հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ:
Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկի համաձայն, աշխարհը հայտնվել է «վտանգի գոտում», և գալիք երկու տարվա ընթացքում պահպանվելու է պարենի գների ռեկորդային նոր աճի վտանգը:
Համաշխարհային բանկի կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, պարենի գները մնում են 2008 թվականին գրանցված ամենաբարձր ցուցանիշին մոտ, սակայն անցյալ տարվա ընթացքում գրանցվել է ցորենի և եգիպտացորենի նման պարենային հիմնական ապրանքատեսակների 70-տոկոսանոց աճ: Զգալի աճ են գրանցել նաև սոյայի` 36 տոկոս, և շաքարի` 21 տոկոս գները:
Համաշխարհային բանկի նախագահի համաձայն, պարենի գների աճի հիմնական պատճառը Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում շարունակվող անկայունությունն է, ինչպես նաև պարենային ապրանքատեսակների արտադրող որոշ երկրներում գրանցված եղանակային անբարենպաստ պայմանները: