Աղքատությունն ու սովը նվազեցնելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանն ընդլայնում են գիտության եւ տեխնոլոգիայի բնագավառում իրենց համագործակցությունը:
Միացյալ Նահանգների գյուղատնտեսության փոխնախարար Էլեն Թըրփսթրան հայտնել է, թե Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի ՚՚Գյուղատնտեսության իրազեկության նախաձեռնություն՚՚ ծրագիրը Հնդկաստանի ագարակագործներին կօգնի բարելավելու սննդի մշակումն ու ջրի մատակարարումը:
Այն նաեւ Հնդկաստանի համալսարանների միջոցով կօգնի երկրի ագարակագործներին, որպեսզի աճեցնեն ավելի լավ բերք՝ նվազ ծախսերով։ Այս նախաձեռնության կարեւոր մասերից մեկը Նորման Բորլոգի անվան Գիտության եւ տեխնիկայի միջազգային ուսումնառության ծրագիրն է: Այս ծրագրով զարգացող երկրների գիտահետազոտական աշխատանքներ կատարող գիտնականներ ու քաղաքագետներ գալիս են Միացյալ Նահանգներ՝ գիտական կարճաժամկետ մարզման:
Դրա նպատակը գիտնականներին, ագարակագործներին եւ գյուղատնտեսության բնագավառի պաշտոնատարներին օգնելն է որպեսզի սովորեն դժվարությունների դեմ, ինչպես օրինակ, երաշտն ու բերքի հիվանդություններն են, պայքարելու ագարակագործական նոր տեխնոլոգիաներ եւ միջոցներ:
Այս անվճար ծրագիրը կրում է ամերիկացի գիտնական եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Նորման Բորլոգի անունը, ով հայտնի էր որպես ՚՚Կանաչ հեղափոխության հայր՚՚: Նրա ստեղծած բարձր բերքատվության ցորենի տեսակները 1960-ական թվականներին օգնեցին վերացնելու պարենի պակասը Հնդկաստանում եւ Պակիստանում, ու միլիոնավոր անձանց փրկեցին սովից:
Ներկայումս մեկ միլիարդից ավելի բնակչություն ունեցող Հնդկաստանն աշխարհի տասներկուերորդ՝ իսկ Ասիայի երրորդ խոշորագույն տնտեսությունն է: Երկրի բնակչության մոտավորապես երկու երրորդի ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է։ Երկրի համախառն ընդհանուր արտադրանքում գյուղատնտեսության բաժինը կազմում է քսանմեկ տոկոս:
Միացյալ Նահանգների Բորլոգի անվան ծրագրով այս տարի կմարզվեն մոտավորապես հարյուր անձինք՝ քսան երկրներից: Նրանցից տասնհինգը հնդիկներ են: Oրիորդ Թըրփսթրան ասում է հույս ունի, որ Հնդկաստանից ժամանող ուսանողները ՚՚կոգեշնչվեն եւ կվերադառնան իրենց հայրենիք եւ պարենի որակի, ապահովության եւ ստեղծման խնդիրը կդարձնեն իրենց նպատակը՚՚:
՚՚Ծրագրում ի մի են բերված գիտահետազոտական աշխատանքը, կրթությունն ու միջազգային համագործակցությունը՚՚, ասել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարար Մայք Ջոհանսը: ՚՚Վստահ եմ՚՚, ասել է պարոն Ջոհանսը, որ ՚՚այս ուսանողները կօգնեն սովի դեմ պայքարը շարունակելու եռանդունորեն՚՚: