ԱՄՆ-ը փակել է Սիրիայում իր դեսպանությունը

ԱՄՆ-ը փակել է Սիրիայում իր դեսպանությունը

Միացյալ Նահանգները փակել է Սիրիայում իր դեսպանությունը՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի և Չինաստանի կողմից նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ուղղված ՄԱԿ-ի բանաձևը վետոյի ենթարկելուց հետո վերջինս սաստկացրել է երկրի ժողովրդի դեմ ուղղված բռնությունները:

Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանության շուրջ անվտանգության իրավիճակը բարելավելուն ուղղված ավելի քան մեկ ամիս տևած բանակցություններից հետո, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը երկուշաբթի օրը որոշում է կայացրել Սիրիայից բոլոր դիվանագետներին հեռացնելու մասին:

Օբամայի վարչակազմի համաձայն, Ասադի կառավարությունը «չի կարողացել համապատասխան արձագանք տալ» դեսպանատան անվտանգության շուրջ ունեցած մտահոգություններին:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացումը վկայում է այն մասին, որ «նախագահ Ասադը վտանգավոր ուղի է ընտրել», ինչպես նաև երկիրն ամբողջությամբ վերահսկելու նրա անկարողության մասին:

Արտգործնախարարության համաձայն, Սիրիայում դեսպանության գործունեությունը դադարեցնելու և դեսպան Ռոբերտ Ֆորդի հեռանալու հանգամանքը չի նշանակում, որ Միացյալ Նահանգները լքում է Սիրիան:

«Դիվանագիտական հարաբերությունների համար դուռը բաց է մնում Սիրիայի ժողովրդի և կառավարության համար: Դեսպան Ֆորդը մնում է Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպանը: Չնայած նրա գործունեությունն այժմ կիրականացվի Վաշինգտոնից, սակայն դեսպանը շարունակելու է պահպանել կապը Սիրիայի ժողովրդի հետ և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի ժողովրդին օժանդակություն ցուցաբերելու գործում», - նշել է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը: