Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայի վերաբերյալ վիճահարույց բանաձևի քննարկումը կազմակերպելու համար, որի անցկացմանը խոչընդոտեցին Ռուսաստանն ու Չինաստանը՝ կիրառելով վետո դնելու իրենց իրավունքը։ Լավրովը հայտարարել է, որ բանաձևը ի սկզբանե չպետք է դրվեր քննարկման նախքան Դամասկոս կատարվելիք իր այցը, որը մեկնարկում է երեքշաբթի, փետրվարի 7-ին։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը մասնավորապես դիմել էր Անվտանգության խորհրդին՝ բանաձևի քվեարկությունը Դամասկոսում իր մասնակցությամբ կայանալիք բանակցություններից հետո կազմակերպելու խնդրանքով։ Լավրովի կարծիքով, ՄԱԿ-ի կողմից բանաձևը նախքան իր այցը քվեարկության դնելը անհարգալից քայլ էր։
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է իրականացվեն բոլոր կողմերի հետ քննարկումների, այլ ոչ սոսկ լրատվամիջոցներով հայտարարություններ տարածելու միջոցով։
Երկուշաբթի Մոսկվայում տրված մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարեց, որ Արաբական պետությունների լիգայի և Արևմտյան երկրների դիրքորոշումն արտահայտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կոչ էր արվում վայր դնել իշխանությունը, միակողմանի պահանջներ էր պարունակում, ուստի Ռուսաստանը վետո դրեց դրա վրա։ Չինաստանը նույնպես դեմ քվեարկեց բանաձևին։
Ըստ Լավրովի, բանաձևը միակողմանի էր, քանի որ դրանով Դամասկոսի իշխանություններից պահանջվում էր դադարեցնել ընդդիմության ցույցերի ընթացքում ուժի կիրառումը՝ առանց հատուկ և հստակ պարտավորություններ նախատեսելով նաև Ասադի վարչակարգի դեմ պայքարող զինված խմբավորումների համար։