ԱՄՆ-ի իշխանություններ. «Ասսադը պետք է հեռանա»

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարման ժամկետը մոտենում է ավարտի, քանի որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև Սիրիայի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներն սկսում են գործել նախատեսված ազդեցությունը:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ջեֆրի Ֆելթմանն չորեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ-ի Սենատի Արտաքին գործերի ենթահանձնաժողովին, որ Սիրիան այժմ գրեթե եկամուտ չի ստանում նավթի առևտրից, իսկ ԱՄՆ-ի և եվրոպական բանկերում Դամասկոսի ունեցած ֆինանսական միջոցները սառեցվել են:

Ֆելթմանի համաձայն, Սիրիայի իշխանությունների համար արգելափակված է մուտքը դեպի միջազգային ֆինանսական համակարգերի մեծ մասը, և քանի որ կանխիկ միջոցների պաշարը մոտենում է ավարտի, երկրի ժողովուրդը սկսում է գիտակցել, որ վարչակարգն անկայուն է:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը հորդորել է Արաբական պետությունների լիգային ավելի կոշտ դիրք ընդունել Դամասկոսի կառավարության նկատմամբ՝ նպաստելով Սիրիայի նախագահ Ասսադին խաղաղ միջոցներով հրաժարական ներկայացնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Վաշինգտոնը չորեքշաբթի օրը կրկին խորհուրդ է տվել Սիրիայի նախագահի ընդդիմադիրներին չընդունել այս երկրի կառավարության կողմից արված համաներման առաջարկը՝ ընդդիմադիրների նկատմամբ խոշտանգումների և սպանությունների իրականացման պատճառով:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սիրիայի իշխանությունները հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի զենքի դիմած ընդդիմության անդամներին առաջարկվել է ինքնակամ հանձնվել մեկ շաբաթվա ընթացքում: Նրանց համաձայն, այն ընդդիմադիրները, ովքեր հանձնվելուց առաջ սպանություն չեն կատարել, կարճ ժամանակում ազատ կարձակվեն:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը սակայն ասել է, թե նման առաջարկի ընդունումը «խելամիտ» չէ՝ առաջացնելով Դամասկոսի զայրացած պատասխանը, որտեղ այն մեղադրել է Միացյալ Նահանգների իշխանություններին խռովությունները, սպանություններն ու ահաբեկչությունը խրախուսելու մեջ:

Արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոները սակայն ասել է, որ Սիրիայի իշխանությունների զայրացած արձագանքը Միացյալ Նահանգներին «Սիրիայի կառավարության և իր իսկ ժողովրդի միջև հակամարտության մեջ ներգրավելու» ուղղությամբ գործադրվող ջանքերի մաս է կազմում:

ՄԱԿ-ի կողմից վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Սիրիայում մարտ ամսին սկսված խռովությունների ժամանակից երկրում սպանվել է ավելի քան 3 500 մարդ: