Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Արաբական պետությունների լիգայի գրասենյակի մոտակայքում չորեքշաբթի օրն առճակատվել են ցուցարարներն ու Սիրիայի ընդդիմության պատգամավորները:
Որոշ ցուցարարներ «դավաճան» են անվանել Սիրիայի ընդդիմության գործիչներին և հավկիթ նետել նրանց ուղղությամբ:
Նման գործողություններով ցուցարարներն արտահայտել են իրենց մտահոգությունն այն հանգամանքով, որ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կարող են այս երկրի իշխանությունների հետ երկխոսություն անցկացնելու համաձայնության գալ:
Տեղի ունեցած առճակատման պատճառով չորս ներկայացուցչից բաղկացած Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը ստիպված է եկել հետաձգել Արաբական պետությունների լիգայի պաշտոնատար անձանց հետ կայանալիք իր հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր հակակառավարական ցուցարարների նկատմամբ Սիրիայի իշխանությունների կողմից շարունակվող բռնությունները:
Արաբական պետությունների լիգան շաբաթ օրը նախատեսում է անցկացնել արտակարգ նստաշրջան, որի ընթացքում քննարկվելու է Սիրիայի և Լիգայի միջև հակակառավարական ցուցարարների նկատմամբ բռնությունների իրականացումը դադարեցնելու մասին պայմանավորվածության ակնհայտ խախտումները:
Ակտիվիստների համաձայն, Սիրիայի կողմից Արաբական պետությունների լիգայի ծրագրին համաձայնվելու ժամանակից անցած մեկ շաբաթվա ընթացքում բռնությունների զոհ է գնացել 110 մարդ: