Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. լրատվամիջոցներ

Իսրայելի բանակի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:

Անցած գիշեր Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին` հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի անանուն պաշտոնյաներին:

The New York Times-ը The Washington Post-ը ABC-ին, CBS-ն ու NPR-ը հայտնում են իսրայելական ռազմական գործողության մասին, սակայն մանրամասներ չեն հաղորդում ենթադրյալ հրթիռային հարվածի վայրի կամ թիրախի մասին:

Լրատվամիջոցների հրապարակումից մոտ մեկ ժամ անց Իսրայելի բանակի խոսնակը «Ամերիկայի ձայնին» հայտնել է, որ առայժմ պահին մեկնաբանություն չունի:

Ջո Բայդենի վարչակազմը դեռ չի արձագանքել։

Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի մի քանի նահանգներում գործել են իսլամական հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերը։

IRNA-ն և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հարող Fars լրատվական գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնում են, որ պայթյուններ են որոտացել երկրի կենտրոնական` Սպահան նահանգում։

Թեհրանը հայտնել է մի քանի անօդաչուների ոչնչացման մասին

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Սպահանի միջուկային օբյեկտներն ապահով են, իսկ Թեհրանի միջազգային օդանավակայանը կարճատև դադարից հետո վերսկսել է բնականոն աշխատանքը:

CNN-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ այս հարձակումը Իսրայելի պատասխանն է հրեական պետության դեմ նախորդ շաբաթ իրականացված Իրանի գրոհին։

Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը մոտ 300 անօդաչուներ և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի ռմբահարման։

Իսրայելը հայտարարել էր, որ խոցել է արձակված իրանական հրթիռների և անօդաչուների 99%-ը:

Ավելի վաղ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել էր, որ չնայած հրեական պետության պաշտպանության գործում Վաշինգտոնի դերակատարությանը, ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի դեմ հակահարձակմանը։

Զուգահեռաբար` ԱՄՆ-ն հորդորել է Իսրայելին ձեռնպահ մնալ Թեհրանի նկատմամբ ռազմական գործողություններ ձեռնարկելուց` խուսափելու մերձավորարևելյան հակամարտության սրացումից։

Իրանա-իսրայելական հարցը Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում էր, որը տեղի է ունեցել իտալական Կապրի կղզում։

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի խոսքով, Մեծ յոթնյակը ցանկանում է հասնել Մերձավոր Արևելքում իրավիճակի մեղմացմանը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը կոչ է արել ձեռնպահ մնալ հակամարտության խորացումից։