Մատչելի հղումներ

Իսրայելում քննարկում են Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակները


Իրանի ու Մերձավոր Արևելքի լարվածությունը
Իրանի ու Մերձավոր Արևելքի լարվածությունը

Իսրայելում քննարկում են Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակները՝ արձագանքելով անցած շաբաթ հրեական պետության դեմ Թեհրանի ձեռնարկած գրոհին։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կոչ են արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին չսրել իրավիճակը տարածաշրջանում։

Իսրայելը ցուցադրել է խոցված իրանական բալիստիկ հրթիռի մնացորդը՝ Թեհրանի կողմից անցած շաբաթ արձակված հարյուրավորներից մեկը:

Իրանը հայտարարել է, որ հարձակումը գործել է ի պատասխան այս ամսվա սկզբին Սիրիայի մայրաքաղաքում իր դիվանագիտական ներկայացուցչության շենքին Իսրայելի հասցրած հարվածի:

Թել Ավիվում խոստացել են անպատասխան չթողնել իրանական գրոհը:

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել է․ «Իրանը կտեսնի իր գործողությունների հետևանքները: Մենք կորոշենք մեր պատասխանը»։

Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակներ են քննարկվում Իսրայելում
please wait

No media source currently available

0:00 0:02:54 0:00

Թել Ավիվը հայտնել է, որ իրանական գրոհը հանգեցրել է աննշան վնասների, և որ իսրայելական ուժերը՝ ԱՄՆ ու այլ գործըկներների հետ, ոչնչացրել են Իսրայելին ուղղված իրանական 300 հրթիռների ու անօդաչուների մեծ մասը։

Դիտորդների խոսքով, հակահարվածի դեպքում Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կթիրախավորի Իրանի տարածքը՝ առանց վնասելու խաղաղ բնակչությանը:

Չի բացառվում, որ իսրայելական կողմը կարող է գաղտնի գործողություններ ձեռնարկել իրանցի պաշտոնյաների նկատմամբ կամ դիմել կիբեռհարձակումների։

Կիբեռանվտանգության գծով մասնագետ Գրեգորի Հաչերն ասում է․ «2010 թվականին [իսրայելական] կողմն իր ստեղծած թվային վիրուսը ներարկեց Իրանի միջուկային օբյեկտներ, ինչի արդյունքում այն միլիոնավոր դոլարների վնաս տվեց Թեհրանին՝ դանդաղեցնելով Իրանի միջուկային ծրագրի ընթացքը»։

Հայտնի է՝ որ տարբերակի վրա էլ կանգ առնի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրան փոխանցել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իսրայելի հակահարձակմանը և կոչ է արել թուլացնել լարվածությունը:

«Չենք ցանկանում պատերազմել Իրանի դեմ։ Չենք ցանկանում ականտես լինել լայն՝ տարածաշրջանային հակամարտության: Բայց դա չի նշանակում, որ հետևանքներ չեն լինի»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Իր հերթին՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է․ «Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառենք Իրանի նկատմամբ»:

Նեթանյահուի համար, սակայն, դյուրին չէ․ ներքին ու արտաքին ճնշումների արանքում է։

Ոմանք նրան մեղադրում են Իրանի հետ միտումնավոր սրացման գնալու մեջ։ Նման կարծիքի է նաև Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին, ում երկիրը օգնեց պաշտպանել Իսրայելին Թեհրանի հարձակումից․ «Գաղտնիք չէ, որ Իսրայելի վարչապետի քաղաքականությունը նպատակ ունի ընդլայնել հակամարտությունը, որպեսզի թուլացնի իր վրա աճող ճնշումը՝ Գազայում սպանությունների, պատերազմի և ավերածությունների պատճառով»:

Բազմաթիվ երկրների ղեկավարներ զսպվածության կոչ են արել, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Թել Ավիվում ականջալուր կլինեն:

«Նա միշտ ցանկացել է հարձակվել Իրանի վրա, գրոհել Իրանի միջուկային օբյեկտները: Նա կարող է սա համարել իր վերջին հնարավորությունը՝ հաղթելու Իսրայելի բոլոր թշնամիներին՝ [նաև] «Հեզբոլլահին», Իրանին»,- ասում է վերլուծաբան Բարբարա Սլավին:

Երեքշաբթի Նեթանյահուն կրկին հայտարարել է՝ կձեռնարկի հնարավորը՝ պաշտպանելու Իսրայելն Իրանից և նրա կողմնակիցներից:

XS
SM
MD
LG