Կրեմլն արձագանքել է Իսրայելի դեմ Իրանի հարձակմանը: Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ Reuters-ի, նշել է․ «Չափազանց մտահոգված ենք տարածաշրջանում լարվածության աճով: Կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածություն ցուցաբերել»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ավելի կոշտ է հանդես եկել, թե լարվածության հետագա աճի պատասխանատվությունը կրում են Իսրայելն ու Արևմուտքը․ «Ականատես ենք Թեհրանից եկող ազդանշանների, թե նրանք չեն ցանկանում Իսրայելի հետ գնալ ռազմական հետագա սրացման։ Կոչ ենք անում Արևմուտքին ու Երուսաղեմին հետևել այս օրինակին և մերժել Մերձավոր Արևելքում ուժի սադրիչ կիրառման գործելակերպը»:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան սոցհարթակում արված գրառմամբ քննադատել է այն դիրքորոշումը, թե Մոսկվան պետք է դատապարտի Թեհրանի հարձակումը՝ հիշեցնելով, որ Իսրայելը խուսափում է դատապարտել ուկրաինական գրոհները Ռուսաստանի տարածքում։
Հիշեցնենք, Իսրայելը քննադատել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա:
Դիտորդների խոսքով, ուկրաինական պատերազմն է գլխավոր պատճառը, որ Մոսկվան հրաժարվել է տարածաշրջանում իր նախկին՝ քիչ թե շատ հավասարակշիռ քաղաքականությունից և այժմ սատարում է Իրանին:
«Ճշմարտությունն այն է, որ Մոսկվան շատ ուշադիր էր մերձավորարևելյան հարաբերություններում, սակայն դա անցյալում է: Պատճառը՝ պատերազմն է Ուկրաինայում։ Ռուսաստանի համար առաջնահերթություն են իր [ռազմական] կարիքները, որոնց բավարարելու համար պատրաստ է զոհաբերել հարաբերություններն [այլ երկների հետ]»,- ասում է Chatham House-ի փորձագետ Ջեյմս Նիքսին:
Դիտորդների ներկայացմամբ, մերձավորարևելյան հակամարտությունում Ռուսաստանն այլևս որդեգրել է կողմերից մեկի դիրքորոշումը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով: