Մատչելի հղումներ

Ինչո՞ւ է Մոսկվան աջակցում Թեհրանին


Ռուսաստանի և Իրանի առաջնորդները
Ռուսաստանի և Իրանի առաջնորդները

Փորձագետներն անդրադարձել են Իսրայելի ուղղությամբ Իրանի նախաձեռնած հարձակմանը միջազգային հանրության և Ռուսաստանի արձագանքին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Իրանի օդային հարձակումն Իսրայելի նկատմամբ և վերահաստատել Վաշինգտոնի աջակցությունը հրեական պետության անվտանգությանը։ Այս մասին նշված է Սպիտակ տան ղեկավարի՝ շաբաթ երեկոյան հրապարակած հայտարարությունում։

Բայդենը խոստացել էր ապահովել Մեծ յոթնյակի երկրների դիվանագիտական արձագանքը Թեհրանի ձեռնարկած գրոհին, և հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, աշխարհի զարգացած տերությունների ղեկավարների տարածած համատեղ հայտարարությունում կարդում ենք․ «Մենք՝ Մեծ յոթնյակի ղեկավարներս, խստորեն դատապարտում ենք Իրանի ուղղակի և աննախադեպ հարձակումն Իսրայելի վրա: Իրանը հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն իր գործընկերների օգնությամբ հետ է մղել հարձակումը»։

Մեծ յոթնյակի առաջնորդները հայտնել են իրենց «լիարժեք համերաշխությունն ու աջակցությունն Իսրայելին և նրա ժողովրդին», վերահաստատել իրենց հանձնառությունը՝ ապահովել հրեական պետության անվտանգությունը։

«Իրանն իր գործողություններով ևս մեկ քայլ է կատարել տարածաշրջանն ապակայունացնելու ուղղությամբ և վտանգ է ստեղծում, որ տարածաշրջանում կառաջանա անվերահսկելի սրացում։ [Նման զարգացումից] պետք է խուսափել»,- ընդգծում են հայտարարության հեղինակները։

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները հայտարարել են, թե շարունակելու են աշխատել իրավիճակը կայունացնելու և հակամարտության հետագա ընդլայնումն ու սրացումը կանխելու ուղղությամբ։

Իրանի ագրեսիան դատապարտել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, բազմաթիվ երկրների ղեկավարներ։

Այս ֆոնին՝ նկատելիորեն տարբերվում է Մոսկվայի դիրքորոշումը։ Ռուսաստանի ղեկավարությունից ոչ մեկը չի դատապարտել Իրանի գործողությունները։ Կրեմլը՝ Պուտինի խոսնակ Պեսկովի շուրթերով, սոսկ, բավարարվել է ընդհանուր խոսքերով մտահոգություն հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման կապակցությամբ և տարածաշրջանի երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։

Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը հանդես է գալիս տարաձայնությունները «բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով» լուծելու օգտին, թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Իսրայելի վրա հարձակումն անվանել է Թեհրանի օրինական պատասխան, իսկ Արևմուտքի դիրքորոշումը՝ «կեղծավորության և երկակի ստանդարտների շքերթ»:

Արևելագետ Մարիաննա Բելենկայայի կարծիքով, Մոսկվայի նման դիրքորոշումն ամենևին էլ անսպասելի չէ, քանզի Կրեմլը նման դիրքորոշման էր Իսրայելի ու «Համասի» միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ պնդելով, թե Իսրայելն է պատասխանատու մերձավորարևելյան նոր հակամարտության բռնկման համար։

«Տարօրինակ կլիներ, եթե այժմ Ռուսաստանը դատապարտեր Իրանի գործողությունները, որի հետ կապված է բազմաթիվ ռազմական պայմանագրերով և որի հետ նույն նավում է՝ երկու երկրների դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո։ Ուշադրության է արժանի այլ բան՝ ըստ Ռուսաստանի, Իրանի հարձակումն ընկալվում է որպես հարկադիր պատասխան, որը հնչում է որպես արդարացում՝ ցանկացած նման գործողության: Միաժամանակ, Մոսկվան բոլորովին այլ կերպ է արձագանքում, երբ Ուկրաինան պատասխան է տալիս ռուսական ագրեսիային»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Բելենկայան։

Մեր զրուցակիցը վստահ է, որ Իրանը բավականին անկախ է իր արտաքին քաղաքականության մեջ և նման գրոհներ իրականացնելու համար Մոսկվայի հետ նախապես խորհրդակցելու կարիք չունի. «Նման քայլը Թեհրանը համարում է իր արժանապատվությունից ցածր: Չի կարող որևէ մեկը մտածել, թե Իրանը գործում է ուրիշի հրահանգով։ Հնարավոր է, Իրանն իր խողովակներով զգուշացրել է Մոսկվային [սպասվող հարձակման մասին], սակայն սրա վերաբերյալ դեռ տեղեկություն չկա»։

Բացի այդ, ըստ արևելագետի, Մոսկվան կշահի Մերձավոր Արևելքում ձգձգվող և աստիճանաբար սրվող հակամարտությունից, բայց ոչ լայնամասշտաբ պատերքազմից․ «Իհարկե, նավթի միջազգային գների [հնարավոր աճի] և ուկրաինական պատերազմից ուշադրությունը շեղելու առումով Մոսկվան շահագրգռված է [Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացմամբ]: Բայց եթե իրավիճակը տարածաշրջանում վերածվի լայնամասշտաբ պատերազմի, փաստ չէ, որ այն ձեռնտու կլինի Ռուսաստանին, որովհետև անհասկանալի է, թե ինչ հետևանքներ կունենա, ուր կտարածվի, ինչ կլինի Սիրիայում Ռուսաստանի ներկայության հետ։ Այդ ժամանակ ռուսաստանցի զինվորականները կհայտնվեն երկու կրակի արանքում»:

Քաղաքական վերլուծաբան Մաքսիմ Գլիկինը կիսում է Մարիաննա Բելենկայայի կարծիքը, որ դժվար թե Թեհրանը նախապես խորհրդակցել է Մոսկվայի հետ՝ Իսրայելը գրոհելուց առաջ, բայց փաստն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը շատ հարցերում գործում են որպես ռազմական դաշնակիցներ, թեև չեն գովազդում այդ։

«Երբեմն թվում է, թե Ռուսաստանն ու Իրանը շատ ավելի մոտ դաշնակիցներ են, քան ՀԱՊԿ երկրները, որոնք դաշնակից են ըստ համաձայնագրի։ Նրանք լավ գիտեն, որ ամեն դեպքում պետք է աջակցեն միմյանց։ Մոսկվային անօդաչուներ էին հարկավոր ՝ Իրանը տրամադրեց. Այժմ, Իրանը դիվանագիտական աջակցության կարիք ունի. Մոսկվան այն տրամադրում է»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Գլիկինը։

Ըստ վերլուծաբանի, Մոսկվան, փաստորեն, հրաժարվել է Իսրայելի ու արաբական երկրների միջև իր միջնորդությունից և որդեգրել հակաիսրայելական դիրքորոշում։

Մաքսիմ Գլիկինը, սակայն, գտնում է, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմը ձեռնտու կլինի Կրեմլին․ «Այո, տակտիկական տեսանկյունից այն կարող է օգուտ բերել Ռուսաստանին, քանի որ դա կշեղի ողջ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի պատերազմից։ Ամենակարևորը՝ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պետք է ավելի շատ օգնեն Իսրայելին, ավելի շատ զենք և ուժեր ծախսեն մերձավորարևելյան հակամարտության ուղղությամբ և ավելի քիչ հատկացնեն Ուկրաինային: Բայց երկարաժամկետ հեռանկարում պատերազմ հրահրելու քաղաքականությունը սխալ կլինի Կրեմլի կողմից․ Մոսկվայում ավելի շատ կկորցնեն, քան կշահեն»։

XS
SM
MD
LG