Մատչելի հղումներ

Բայդենի ու Թրամփի տարբեր մոտեցումները հարկային քաղաքականությանը


Վաշինգտոնում ԱՄՆ-ը հարկային ծառայության շենքը
Վաշինգտոնում ԱՄՆ-ը հարկային ծառայության շենքը

ԱՄՆ-ում հարկային հայտարարագրերի ներկայացումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց այն տարբերությունը, որն առկա է Բայդենի և Թրամփի մոտեցումներում՝ հարկային քաղաքականության վերաբերյալ: Նախագահի թեկնածուները հակասող պատկերացումներ ունեն, թե, օրինակ, որքան տեղեկություն պետք է բացահայտել սեփական ֆինանսների մասին

Բայդենը՝ գործող դեմոկրատ նախագահը, նախատեսում է հրապարակել իր եկամտահարկի հայտարարագրերը երկուշաբթի՝ հարկային հայտարարագրի ներկայացման վերջին օրը: Երեքշաբթի նա պետք է ելույթ ունենա Փենսիլվանիայի Սկրանթոնում, այն մասին, թե ինչու պետք է հարուստները ավելի շատ հարկեր վճարեն՝ ԱՄՆ պետբյուջեի պակասորդը կրճատելու և աղքատների ու միջին խավի համար պետական ծրագրեր ֆինանսավորելու համար:

Բայդենը հպարտությամբ է խոսում այն մասին, որ տասնամյակներ տևած պետական իր ծառայությունն անցել է առանց ֆինանսական լուրջ կարողության կուտակման՝ ի տարբերություն Թրամփի, ով հարյուր միլիոնավոր դոլարներ է ժառանգել հորից, օգտագործել միլիարդատիրոջ իր կարգավիճակը՝ հեռուստատեսային դաշտ մտնելու, հետո՝ նախագահական քարոզարշավ իրականացնելու համար։

«36 տարի շարունակ Կոնգրեսի ամենաաղքատ անդամն էի: Առանց կատակի»,- ասել է Բայդենը՝ փետրվարին Կալիֆոռնիայում դոնորների հետ հանդիպմանը:

2015 թվականին՝ քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարեց. «Իրոք, հարուստ եմ»։

Հանրապետական նախկին նախագահը պնդում է, թե կարիք չկա, որ ընտրողները տեսնեն իր հարկային տվյալները, և որ անցյալում իրեն առնչվող ֆինանսական բացահայտումներն ավելի քան բավարար են: Թրամփը պնդում է՝ հարուստների համար ցածր հարկերի պահպանումը կբարձրացնի ներդրումները և կհանգեցնի ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը, մինչդեռ հարկերի բարձրացումը կհարվածի տնտեսությանը, որը դեռ վերականգնվում է բարձր գնաճից:

«Բայդենը ցանկանում է [իրականացնել] ամերիկյան ժողովրդի պատմության ընթացքում հարկերի ամենամեծ բարձրացումը՝ այն դեպքում, երբ [տնտեսությունն] արդեն թալանվում է ռեկորդային բարձր գնաճի պատճառով»,- ասել է Թրամփի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Քարոլին Լևիթը:

Հանրապետական և դեմոկրատ թենածուների միջև տարակարծությունն այս հարցում դառնում է ԱՄՆ նախընտրական պայքարի կարևոր կետերից մեկը: 2025 թվականին վերջում լրանում է 2017 թվականին Թրամփի օրոք ընդունված հարկային կրճատումների մասին օրենքի ժամկետը։ Զուգահեռաբար, հայտնի է, որ ԱՄՆ պետական պարտքը շարունակում է աճել:

Վերլուծության համաձայն, հարկային արտոնությունների երկարաձգումը կարող է մինչև 2033 թվականը ԱՄՆ պետպարտքն ավելացնել 3․8 տրիլիոն դոլարով:

Բայդենը, անշուշտ, կցանկանա պահպանել հարկային արտոնությունների մեծ մասը և իր խոստումը, թե տարեկան 400 հազար դոլարից պակաս եկամուտ ունեցողը ստիպված չի լինի ավելի շատ վճարել։ Նա այս տարի նախաձեռնեց հարուստների և կորպորացիաների համար հարկային բեռի ավելացումներ, որը պետք է ապահովի լրացուցիչ 4․9 տրիլիոն դոլար եկամուտ:

«Ո՞վ է կարծում է, որ հարկային օրենսգիրքն արդարացի է: Բարձրացրե՛ք ձեր ձեռքը։ [Հարկերը կրճատելու Թրամփի քաղաքականությունը] ավելացրեց [ԱՄՆ] պետական պարտքը այնչափ, որչափ չի եղել մեր պատմության ընթացքում։ Այդ հարկային կրճատումների ժամկետը կլրանա հաջորդ տարի: Հույս ունեմ լինել երկրի նախագահ և չեմ չերկարաձգի այն»,- հայտարարել է Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Վաշինգտոնի Union Station երկաթուղային կայարանում:

Իր հերթին՝ Թրամփը կոչ է արել ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել օտարերկրյա արտադրության ապրանքների նկատմամբ, որը, սակայն, կարող է անդրադառնալ սպառողների վրա, քանզի ապրանքները կթանկանան: Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն հավատարիմ է հարկերի կրճատման գաղափարին՝ միաժամանակ խոստանալով, որ իր նախագահության օրոք կնվազեցնի պետական պարտքը:

«Երբ նախագահ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, կպաշտպանի ավելի հարկերի կրճատման քաղաքականոսւթյունը և կաշխուժացնի Ամերիկայի էներգետիկ արդյունաբերությունը, կնվազեցնի գնաճը, ծախսերը և կմարի մեր [պետական] պարտքը»,- ասել է Լևիթը:

Տնտեսագետների մի որոշակի հատվածի համոզմամբ, Դոնալդ Թրամփի առաջարկած հարկային կրճատումները չեն կարող հանգեցնել ԱՄՆ պետպարտքի կրճատմանը: Օրինակ, Oxford Economics-ի ուրբաթ հրապարակած վերլուծության համաձայն, Թրամփի քաղաքականությունը՝ հարկերի կրճատումը, բարձր մաքսատուրքերը և ներգաղթի արգելափակումը, իրականում, կդանդաղեցնի տնտեսական աճը և կբարձրացնի գնաճը:

Հայտնի է, որ Բայդենի առաջարկում է «միլիարդատերերի համար նվազագույն եկամտահարկի» սահմանմանը, ըստ որի 100 միլիոն դոլար կարողություն ունեցող ընտանիքների պարագայում կկիրառվի առնվազն 25% դրույքաչափ:

Այս հարկատեսակը ուղիղ ազդեցություն կունենա այնպիսի մեծահարուստների վրա, ինչպիսին է Թրամփը, ով հրաժարվում է հրապարակել իր վճարած հարկերի մասին տեղեկություն, ինչպես ավանդաբար անում են ԱՄՆ նախագահները: Թեև վեց տարիներին վերաբերող նրա հարկային հայտարարագրերը հրապարակվել են 2022 թվականին Ներկայացուցիչների տան դեմոկրատների ջանքերով:

2018 թվականին Թրամփը վաստակել էր ավելի քան 24 միլիոն դոլար և մոտ 4% վճարել որպես հարկ։ Կոնգրեսի հանձնաժողովը պարզել էր, որ հարկային մարմինները հետաձգել են Թրամփի ունեցվածքի աուդիտի իրականացումը: Նախկինում ևս նա հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը այն հիմնավորմամբ, թե հարկային մարմինը իրեն աուդիտ է իրականացրել՝ նախագահական քարոզարշավին մասնակցելու համար։

Փոխարենը՝ Բայդենը հրապարակել է ավելի քան երկու տասնամյակի վերաբերող իր հարկային հայտարարագրերը։ 2022 թվականին նա և տիկինը՝ Ջիլ Բայդենը, վաստակել են 579․514 դոլար և որպես հարկ վճարել դրա գրեթե 24%-ը։

Թրամփը պնդում է, որ իր հարկային պատմությունն ունի առանձնահատկություններ, քանի որ նա օգտվում է հարկային տարբեր արտոնություններից: Վերջերս նրա կարաղությունն աճ էր գրանցել՝ ֆոնդային բորսայում Trump Media-ի բաժնետոմսերի գնի աճի արդյունքում։ Trump Media-ն է վերահսկում Truth Social-ը: Սակայն այնուհետև բաժնետոմսերը սկսել են արժեզրկվել՝ կորցնելով գնի ավելի քան 50%-ը:

Նախկին նախագահը նաև բախվել է 542 միլիոն դոլար տուգանք պարունակող քաղաքացիական հայցի, որը նրա դեմ առաջ է քաշել գրող Ջին Քերոլին՝ մեղադրելով Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգության մեջ։ Ի հավելումն, ուսումնասիրելով Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը՝ Նյու Յորքի դատավոր Արթուր Էնգորոնը եզրակացրել է, թե հայտնաբերված խարդախությունները «ցնցող են»:

XS
SM
MD
LG