Օրերս՝ հերթական միջոցառմանը Թրամփի քարոզարշավն իրականցնող թիմը սահմանեց դրամահավաքի նոր ռեկորդ, երբ շաբաթ օրը Ֆլորիդայի Փալմ Բիչ բնակավայրում մեծահարուստ հովանավորների համար կազմակերպված երեկոյին հավաքեց ավելի քան 50 միլիոն դոլար:
Սպիտակ տան նախկին ղեկավարը ևս տպավորված էր․ «Նրանք ցանկանում են նպաստել Ամերիկան կրկին հզոր դարձնելու գործին: Ե՛վ հարուստները, և՛ անապահովները ցանկանում են անել այդ։ Բոլորը ցանկանում են փոփոխություններ: Երկիրն, իսկապես, վատ վիճակում է: Ծիծաղի առարկա ենք դարձել ողջ աշխարհի առջև, բայց շատ արագ կփոխենք այդ»,- ասել է Թրամփը:
Դեմոկրատական կուսակցության նախագահի փաստացի թեկնածու Ջո Բայդենի քարոզարշավի թիմը նույնպես հրապարակել է հանգստյան օրերին իրականացրած իր դրամահավաքի արդյունքերը:
ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի թիմի ներկայացուցիչ Քևին Մունյոզը կիրակի «Ամերիկայի ձայնին» փախնցել է, որ 1․6 միլիոն ամերիկացիներ ներդրումներ են կատարել Բայդենի վերընտրության համար, և մանրամասնել է, թե ինչպես են պատրաստվում ծախսել կուտակված 192 միլիոն դոլարը:
«Ավելի քան հարյուր գրասենյակներ են բացվելու տարբեր նահանգներում: Հարյուրավոր աշխատակիցներ են պատրաստվում այդտեղ աշխատելու համար։ 30 միլիոն դոլար է տրամադրվելու մեդիայում մեր քարոզարշավին, ինչը պատմականորեն ամենից բարձր թիվն է։ Նախաձեռնություններ՝ լատինաամերիկացի և աֆրոամերիկացի ընտրողների շրջանում քննարկումների ծավալման համար»,- ասում է Մունյոզը:
«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը առանձնահտուկ ուշադրություն չհատկացրեց Թրամփի նախընտրական թիմի կողմից իրականացված դրամահավաքի թվերին:
«Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի գլխավոր հովանովորները բուժքույրերն ու ուսուցիչներն են: Մենք ուժ են տալիս աշխատավոր մարդիկ, և սա կտրուկ հակասության մեջ է Դոնալդ Թրամփի քարոզարշավի հետ: Հենց սա՛ է հաղթելու ընտրություններում»,- ասում է Մունյոզը։
Դիտորդները միակարծիք են՝ միայն գումարը բավարար չէ ո՛չ Բայդենի, ո՛չ էլ Թրամփի հաղթանակի համար:
«Խնդիրը, որին բախվում է նախագահ Բայդենը՝ իր կուսակցության ներսում առկա բազմաթիվ խմբերն են, ինչպես նաև, թե ինչպես թակել չկողմնորոշված ընտրողների դուռը, այն մարդկանց դուռը, ովքեր, միգուցե, դժգոհ են հանրապետականներից»,- ասում է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Մարկ Հանսենը։
«Թրամփի հենարանն ամուր է: [Իր շուրջն են] բազմաթիվ խանդավառ, նվիրված ու գործին լծվելու պատրաստ անհատներ, բայց վստահ չեմ, որ հավաքված գումարը վկայում է, թե իր ընտրողների թիվը ընդլայնվել է»,- ասում է Այովա նահանգի համալսարանի պրոֆեսոր Ստեֆեն Շմիդտը:
Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմը անպատասխան է թողել նախկին նախագահի հետ հարցազրույց անցկացնելու «Ամերիկայի ձայնի» առաջարկը։
Դոնալդ Թրամփի նախընրական կայքից ըեղեկանում ենք, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն ապրիլի 13-ին հանրահավաք է անցկացնելու Փենսիլվանիայում:
Բայդենի նախընտրական օրակարգը ևս հագեցած է առաջիկա շաբաթ։
«Նա վաղը մեկնում է Մեդիսոն [Վիսկոնսին նահանգ]՝ խոսելու ուսանողական վարկերի մասին: Եվս մեկ դրամահավաք ունի: [Նախագահն] ամեն օր խոսելու է ընտրողների հետ, ինչը որոշիչ է գալիք ընտրությունների համար՝ այս պահից սկսած մինչև նոյեմբեր»,- ասում է Քևին Մունյոզը:
Նրա փոխանցմամբ, դեմոկրատների հերթական դրամահավաքը նախատեսված է այս շաբաթ Չիկագոյում: Ջո Բայդենը ԱՄՆ գործող նախագահ է, և քարոզարշավին զուգահեռ անհրաժեշտ է ժամանակ ու ջանք հատկացնել երկրի ներքին և միջազգային գործերին։ Օրինակ, առաջիկայում Վաշինգտոնում սպասում են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային: