Մատչելի հղումներ

Ւ՞նչ տարաձայնություններ կան Բայդենի ու Թրամփի միջև միգրացիոն քաղաքականության վերաբերյալ


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը

Անօրինական ներգաղթը ամերիկյան նախընտրական քարոզարշավի, թերևս, գլխավոր հարցն է: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը տարբեր մոտեցումներ ունեն խնդրի վերաբերյալ:

Այս ապրիլի 2-ին Վիսկոնսին նահանգում կայացած փրայմերիզի ժամանակ անօրինական ներգաղթի հարցը առաջնային էր:

«Ներգաղթ, գնաճ, կյանքի իրավունք. սրանք ինձ համար առաջին երեք խնդիրներն են»,-ասում է Վիսկոնսինի բնակիչ Սքոթ Լինդեմանը։

Լինդեմանը նախկինում քվեարկել է հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին և ասում է, որ նույնը կանի:

Վիսկոնսիում Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե պատրաստվում է իրականացնել «ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսումը»՝ երկիրը ազատելով «վտանգավոր մարդկանցից»:

«Նրանք ուղարկում են բանտարկյալների, մարդասպանների, թմրավաճառների, հոգեկան հիվանդների, ահաբեկիչների: Բոլոր երկրներից ամենավատ [զանգվածը] հիմա գալիս է մեր երկիր: Նրանք գալիս են Կոնգոյից, Եմենից, Սոմալիից, Սիրիայից, ամբողջ աշխարհից: Նրանք գալիս ու երկիրը քանդում են, կործանում են մեր երկիրը»,-հայտարարել է Թրամփը:

Տարաձայնություններ Բայդենի ու Թրամփի միջև միգրացիոն քաղաքականության վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00

Հարվարդի համալսարանի վերջին սոցհարցման համաձայն, ներգաղթի խնդիրը ԱՄՆ ընտրողների համար գլխավորն է, և հարցվածների մեկ երրորդից ավելին այն վեր է դասել տնտեսական, առողջապահական ու հանցավորության ներկայացրած խնդիրներից։

Նախագահ Ջո Բայդենի խոսքով, ներգաղթյալները նպաստում են ԱՄՆ տնտեսական զարգացմանը և վտանգավոր չեն, ինչպես Թրամփն է ասում:

«Իմ պաշտոնավարման առաջին օրը ներկայացրեցի համապարփակ ծրագիր՝ ամրապնդելու ներգաղթի համակարգը, պաշտպանելու մեր սահմանները, որովհետև ի տարբերություն Դոնալդ Թրամփի, գիտեմ, թե ովքեր ենք մենք՝ ամերիկացիներս»,- ասել է Բայդենը:

Թրամփի կողմնակիցները վերհիշում են Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նրա՝ 2016 թվականի խոստումը: Նախկին նախագահը խոստանում է վերընտրվելու դեպքում ավարտել գործը։

«Ձեր ձայների շնորհիվ կփակեմ սահմանը, կդադարեցնեմ [մեր երկիր] ներխուժումը, վերջ կտամ սպանություններին, և մենք պարտության կմատնենք նրանց, ովքեր զբաղվում են մարդկանց առևտրով»,- հայտարարել է Թրամփը։

Անցած շաբաթ ԱՄՆ վերաքննիչ դատարանն արգելեց է Տեխաս նահանգին կիրառել մի օրենք, որը քրեականացնում է չարտոնված մուտքը նահանգ և թույլ է տալիս նահանգային դատավորներին վճիռներ կայացնել՝ ձերբակալվածներին արտաքսելու վերաբերյալ:

Բայդենի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացված ծրագիր՝ բարելավելու սահմանային անվտանգությունը:

«Այս օրինագիծը կարող է կյանքեր փրկել: Այն նախատեսում է միջոցները, որոնց կարիքն ունեն մեր քաղաքներից շատերը: Այն ինձ հնարավորություն է տալիս ժամանակավորապես փակել սահմանը, երբ ներգաղթյալների թիվը գերազանցի թույլատրելի չափը»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները դեմ են արտահայտվել այդ օրինագծին՝ հիմնվելով Թրամփի հնչեցրած առարկությունների վրա: Սենատը նույնպես չի կարողացել քվեարկել նախագծի օգտին:

XS
SM
MD
LG