Տասնամյակներ շարունակ Օհայոյի ընտրողների մեծամասնությունը քվեարկել է ԱՄՆ նախագահի այն թեկնածուի օգտին, ով հետագայում հաղթող է դուրս եկել ընտրապայքարից:
Նահանգը նախագահական քարոզարշավի կենտրոնում է հայտնվել նաև այն պատճառով, որ ներկայացնում է Ամերիկայի մեծ մասում իշխող տրամադրությունները՝ ասում է Ցինցինատիի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Նիվենը:
«Օհայոն ունի գյուղատնտեսական ու արդյունաբերական լուրջ ներուժ, ուստի այնտեղ տեղի ունեցող քվեարկությունը շատ նման է ողջ Ամերիկայի քվեարկությանը, քանի որ նահանգի տնտեսությունը շատ նման է երկրի տնտեսությանը»,- նշում է Նիվենը:
Օհայոյի ընտրողների մեծ մասը երկու անգամ քվեարկել է Բարաք Օբամայի օգտին, այնուհետև՝ Դոնալդ Թրամփի, երբ 2016 թվականին նա հաղթանակ տարավ: 2020 թվականին նահանգում կրկին ձայների մեծամասնությունը անցավ Թրամփին, ինչը ի ցույց դրեց նահանգում պահպանողական տրամադրությունների ամրապնդումը՝ կարծիք է հայտնում հանրապետական կուսակցության փորձագետ Բոբ Քլեգը:
Ինչպես հայտնի է, 2020 թվականին Թրամփը պարտվեց։
«Օհայոյի ընտրողները միշտ ավելի շատ հակված են եղել դեպի հանրապետականները: Կարծում եմ, Թրամփի հետ կապված զարգացումները ամրապնդեցին այդ միտումը»,- ասում է Քլեգը:
«Այսօր ժողովրդագրական պատկերն ավելի մեծ նշանակություն ունի, թե ինչպես կքվեարկի այս կամ այն շրջանը, քան նույնիսկ Օբամայի օրոք, իսկ Օհայում այդ պատկերը հանրապետականների օգտին է: [Օհայոյում]՝ համեմատած այլ նահանգների հետ, գերակայում են սպիտակամորթ ընտրողները, ավելի մեծահասակ»,- նշում է Դեյվիդ Նիվենը:
Նման իրավիճակը խնդիր է նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Շերոդ Բրաունի համար, ով վեց տարի առաջ նահանգում հաղթել էր ԱՄՆ Սենատի համար պայքարում:
«Օհայոյի աշխատասեր կանայք և տղամարդիկ քվեարկելու են՝ ևս վեց տարի մեր պայքարը միասին շարունակելու համար: Դուք բոլորդ ցույց տվեցիք երկրին, որ առաջադեմ [թեկնածուները] կարող են վճռական հաղթանակ տանել»,- ասում է սենատոր Շերոդ Բրաունը:
Այս անգամ դեմոկրատ օրենսդիրը պայքարում է գործարար, հանրապետական Բեռնի Մորենոյի դեմ։ Հանրապետականները ձգտում են վերցնել սենատորական մանդատը նահանգում և ընդհանրապես՝ վերականգնել իրենց վերահսկողությունը ԱՄՆ Սենատում:
Մորենոյի խոսքով, իր համար պատիվ է ստանալ Դոնալդ Թրամփի աջակցությունը:
«Հետաքրքիր է, արդյո՞ք Շերոդ Բրաունի համար պատիվ է հանդես գալ Ջո Բայդենի օգտին»,- ասել է Մորենոն:
Դեմոկրատների համար հուսադրողն այն է, որ անցած տարի Օհայոյի ընտրողները մերժեցին նահանգում աբորտները սահմանափակելու հանրապետականների նախաձեռնությունը:
Վերարտադրողական իրավունքների պաշտպան Վերոնիկա Ինգամի խոսքով, նման արդյունքը ցույց տվեց, որ Օհայոյի բնակիչները քվեարկում են քաղաքական կուսակցությունների նկատմամբ իրենց նախասիրություններից դուրս․ «Ամերիկացիները պաշտպանում են հղիության արհեստական ընդհատման իրավունքը: Երեկ երեկոյան ընտրողները հասկացրեցին, որ այն կուսակցական խնդիր չէ։ Օհայոյի բնակիչները չեն ցանկանում, որ կառավարությունը մաս կազմի իրենց վերաբերող առողջապահական որոշումներին»:
Սակայն գալիք նախագահական ընտրություններում Օհայո նահանգում հանրապետականների նկատմամբ առավելություն ստանալու համար՝ միայն աբորտների հարցում տեղի բնակչության համակրանքը շահելը չի կարող բավարարել դեմոկրատներին։
«Երբ պետք է ընտրություն կատարել արժեքներին վերաբերող հարցերի միջև, օհայոցիները ծայրահեղ պահպանողականներ չեն: Բայց երբ քվեաթերթիկներում հանդիպում են թեկնածուների անուններին, քվեարկում են հանրապետականների օգտին։ Սա քաղաքականության տարօրինակ կողմերից մեկն է»,- ասում է Դեյվիդ Նիվենը:
RealClear Polling հարթակի համաձայն, սոցհարցումների միջին ցուցանիշները ցույց են տալիս, որ ներկայում Թրամփն Օհայոյում տասը տոկոսային կետով առաջ է Բայդենից: