ԱՄՆ նախագահական ընտրարշավում կարևոր տեղ ունեն Իրանի հետ Իսրայելի հակամարտությանը և Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դերակատարությանն առնչվող հարցերը: Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածունները մրցում են, թե ով է ավելի շատ սատարում հրեական պետությանը:
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հրապարակեց Վաշինգտոնի դիրքորոշումը Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը, թե Միացյալ Նահանգները հավատարիմ է իր հանձնառությանը՝ պաշտպանել Իսրայելին․ «ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգության ապահովման և հրադադարի հաստատման գործում, որը պատանդներին կվերադարձնի իրենց տներ և թույլ չի տա, որ հակամարտությունը ընդլայնվի: Նաև պատրաստակամ ենք պաշտպանել տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում [մեր զինվորական] անձնակազմի և գործընկերների անվտանգությունը»։
Միևնույն ժամանակ, Բայդենի գլխավորած վարչակազմը չդադարող ճնշման ներքո է՝ անել հնարավորը «Համասի» պատանդառած մարդկանց ազատ արձակելու համար, նաև կոշտացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ՝ Գազայում շարունակվող արյունահեղության պատճառով:
Նրա հակառակորդը՝ Դոնալդ Թրամփը, կրկնում է՝ իր օրոք բացառվում է, որ Մերձավոր Արևելքում արյունահեղություն լինի։ Թեև ԱՄՆ նախկին նախագահը որևէ հիմնավորում չի ներկայացնում:
«Աստված օրհնի Իսրայելի ժողովրդին: Նրանք այժմ հարձակման տակ են: Դա պայմանավորված է նրանով, որ մենք թուլություն ենք ցուցաբերում։ Նման բան տեղի չէր ունենա, եթե մենք լինեինք իշխանություն: Դուք գիտեք և նրանք գիտեն այդ մասին»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփի քարոզարշավն աշխատում է մերձավորարեևլյան հարցերում Բայդենին ներկայացնել որպես թույլ գործչի, և այդ գործին լցված են նաև Կոնգրեսի հանրապետական անդամները, օրինակ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը:
«Ջո Բայդենը վերածվել է հակաիսրայելական նախագահի: [Նրան] այլ կերպ անհնար է բնութագրել: Նա, կարծես, ավելի շատ մտահոգված է իր կողմնակիցների շրջանում հակասեմականության տարածմամբ, քան մեր պատմական ու կարևոր դաշնակցին աջակցելով»,- ասում է Ջոնսոնը:
Միչիգան նահանգի բնակիչ Քերոլ Պլիսների կարծիքով, Բայդենը պետք է շարունակի աջակցել Իսրայելին․ «Նախագահ Բայդենի արձագանքը [մերձավորարևելյան] իրավիճակին օգտակար էր: Կարծում եմ, Միացյալ Նահանգները պետք է այնպիսի դիրքորոշում որդեգրի, որը պաշտպանում է ժողովրդավարությունը ողջ աշխարհում, իսկ դա նշանակում է հարգանք Իսրայելի նկատմամբ»:
«Ներգրավված ենք աղետի մեջ, որը հազարավոր մղոններ հեռավորության վրա է: Մարդիկ կարծում են, որ այն մեզ չի վնասում, բայց, [իրականում], վնասում է: Օգնում ենք [Իսրայելին] մեր գումարներով»,- ասում է Միչիգանի մեկ այլ բնակիչ Մուհամեդ Մաուրին:
Անցած ամիս անցկացված Pew Research-ի սոցհարցման համաձայն, ամերիկացիների մոտ 20%-ի կարծիքով, Բայդենը ճիշտ քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելքում։ 20%-ը աջակցում էր Իսրայելին, իսկ 16%-ը՝ պաղեստինցիներին: Մեծամասնությունը, սակայն, վստահ չէր, որ Բայդենի գլխավորած Սպիտակ տունը ճիշտ քաղաքականություն է վարում մերձավորարևելյան հակամարտությունում։