Նյու Յորքի մահմեդական կենտրոնի կառուցման նկատմամբ ընդդիմությունը քաղաքական բնույթ ունի

Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման վայրի մոտակայքում մահմեդական կենտրոնի կառուցման հեղինակներից մեկն ասել է, որ շինարարական այդ նախագծի նկատմամբ ընդդիմությունը կապված է ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների հետ:

Իմամ Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆի մեկնաբանությունները եկուշաբթի օրը տպագրվել են Աբու Դաբիում լույս տեսնող «The National» օրաթերթում: Նա կատարում է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող շրջագայություն, որի նպատակն է` քննարկել ԱՄՆ-ում մահմեդականների կյանքը և նպասել կրոնական հանդուրժողականությանը:

Իմամ Ռաուֆն ասել է, որ մահմեդական կենտրոնի վերաբերյալ տարվող «քննարկումների էության վրա» հիմնական ազդեցությունն են գործել ԱՄՆ-ում նոյեմբեր ամսին կայանալիք կոնգրեսական ընտրությունները: Նրա համաձայն, այդ կենտրոնի կառուցմանն ընդդիմությունը գլխավորում է մարդկանց փոքրաթիվ մի խումբ:

ԱՄՆ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը դեմ է ահաբեկչական հարձակման վայրի մոտակայքում շինարարական այդ նախագծի իրականացմանը: