ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական կուսակցության առաջատար սենատորներից մեկը դեմ է արտահայտվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների վայրի մոտակայքում մզկիթ և մահմեդական մշակութային կենտրոն կառուցելու նախագծերին:
Հերի Ռիդի խոսնակի համաձայն, Սենատի մեծամասնության առաջնորդը բարձր է գնահատում ԱՄՆ-ի սահմանադրության առաջին փոփոխությամբ ամրագրվող կրոնի ազատությունը: Սակայն սենատորի կարծիքով, մզկիթն այլ վայրում է պետք կառուցել:
Շաբաթ օրը նախագահ Օբաման ասել է, որ սատարում է մահմեդականների` Նյու Յորք քաղաքում գնված մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորի վրա պաշտամունքի վայր և մշակութային կենտրոն կառուցելու իրավունքը, սակայն չի կարող մեկնաբանել դրա «խելամտությունը»:
Այդ մեկնաբանությամբ նախագահ Օբաման կարծես հետ է կանգնում մշակութային կենտրոնի վերաբերյալ ուրբաթ օրն իր արած մեկնաբանությունից: Մահմեդական Ռամադան սուրբ ամսվա սկզբը նշելու կապակցությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած ընթրիքի ժամանակ նա ասել էր, որ ԱՄՆ-ի նվիրվածությունը կրոնի ազատության նկատմամբ պետք է «անսասան» լինի:
Մշակութային կենտրոնի կառուցման նախագիծը խիստ քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի հանրապետականների կողմից: Սենատոր Ջոն Քորնինն ասել է, որ «խելամիտ չէ» մզկիթ կառուցել որպես «զրոյական կետ» հայտնի այն վայրի մոտ, ուր սպանվել է մոտ 2600 ամերիկացի: Նախագահ Օբամանի կողմից մշակութային կենտրոնի շինարարությունը սատարելը նա անվանել է նախագահի «Ամերիկայի մեծամասնության հետ կապ չպաշտպանելու հետևանք»: