Սպասվում է, որ Նյու Յորքում ապրող տաքսու մահմեդական վարորդը, որը ենթադրաբար դարձել է ատելության հողի վրա կատարված դանակահարության զոհ, իր մեկնաբանությունները կներկայացնի քաղաքում 2001 թվականին կատարված ահաբեկչական հարձակման վայրի մոտակայքում մզկիթի նախատեսված կառուցման վերաբերյալ քննարկումների ժամանակ:
«Նյու Յորքի տաքսու վարորդների միության» համաձայն, հինգշաբթի օրը Ահմեդ Շարիֆն անցկացնելու է ասուլիս, որի ընթացքում կոչ է անելու դադարեցնել մահմեդական մշակութային կենտրոնի շուրջ սկսված հակամահմեդական արտահայտություններին և կրոնական հողի վրա ատելությանը: Հինգշաբթի օրը Ահմեդ Շարիֆը նաև հանդիպելու է Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի հետ:
Որոշ օրենսդիրների և կառուցման նախագծերի այլ քննադատների կարծիքով, մզկիթ կառուցելու նախագիծը «հաշվի չի առնում» 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ-Քաիդայի կողմից իրականացված հարձակումներից տուժածների զգացմունքները: Մզկիթի կառուցման կողմնակիցները, սակայն, ասում են, որ դա կօգնի կամրջել Արևմուտքի և մահմեդական աշխարհի միջև եղած տարաձայնությունները:
Տաքսու վարորդը դանակի մի քանի հարված էր ստացել ուղևորի կողմից երեքշաբթի օրը: 21-ամյա Մայքլ Էնրայթը հարձակումը ենթադրաբար կատարել էր այն բանից հետո, երբ համոզվել էր, որ տաքսու վարորդը մահմեդական է: