Բացահայտվել է ԱՄՆ դեմ ուղղված ռուսական ապատեղեկատվական արշավը

Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Կրեմլին առնչվող ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ՝ ներկայացելով նաև քրեական մեղադրանքներ։ Պատճառը, ըստ ամերիկյան կողմի, նշված՝ ֆիզիակական ու իրավաբանական անձանց «ազդեցություն գործելու չարամիտ արշավն է»՝ խարխլելու ԱՄՆ հասարակությունը

ԱՄՆ արդարադատության ու ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև պետքարտուղարության հայտարարությունները Ռուսաստանին մեղադրում են ամերիկյան օրենքներն ու միջազգային նորմերը խախտելու մեջ, որոնց հետևում կանգնած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատը ներկայացնող անձինք:

Կիրառված սխեմաները «ի ցույց են դնում այն նպատակները, որոնց ձգտել է Ռուսաստանի կառավարությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, որպեսզի խարխլվի մեր ժողովրդավարական գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը՝ ելույթ ունենալով արդարադատության նախարարության Ընտրական սպառնալիքների դեմ պայքարի խմբի նիստում:

«Սա ծայրահեղ լուրջ է, և պատրաստվում ենք համապատասխան վերաբերմունք ցույց տալ»,- ավելացրել է նա:

Your browser doesn’t support HTML5

Բացահայտվել է ԱՄՆ դեմ ուղղված ռուսական ապատեղեկատվական արշավը

ԱՄՆ արդարադատության նախարարության մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Ռուսաստանը փորձել է «կոծկել իր մասնակցությունը»՝ օգտագործելով ռուսաստանյան պետական RT հեռուստաընկերության երկու աշխատակիցների, մասնավոր ընկերությունների և ուրիշ անունով ներկայացող անձանց՝ մոտ 10 միլիոն դոլար փոխանցելու Թենեսիում գտնվող ամերիկյան ընկերությանը՝ Ռուսաստանի կառավարությանը ձեռնտու անգլիալեզու նյութեր գովազդելու և տարածելու համար։

Պաշտոնյաներն ասում են, որ այդ ընկերությունը 2023 թվականի նոյեմբերից արտադրել է գրեթե 2 հազար տեսանյութ՝ հրապարակելով սոցհարթակներում, օրինակ՝ TikTok-ում, X-ում և YouTube-ում ու հավաքելով ավելի քան 16 միլիոն դիտում միայն YouTube-ում:

Չի բացառվում, որ ռուսական այդ արշավի ծավալները կարող են ավելի լայն լինել:

«Չնայած RT America-ն դադարեցրել է իր պաշտոնական գործունեությունը ԱՄՆ-ում դեռ 2022 թվականի սկզբին, մեր հետաքննությունը պարզել է, որ առնվազն անցյալ տարվանից RT-ն օգտագործել է ԱՄՆ-ում ապրող և աշխատող մարդկանց՝ կնքելու պայմանագրեր ամերիկյան լրատվամիջոցների հետ՝ ռուսական քարոզչական բովանդակություն ստեղծելու և տարածելու համար», - ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:

«Նյութերը ներկայացվել են որպես անկախ նորություններ, մինչդեռ դրանց մեծ մասը ստեղծվել է Ռուսաստանում՝ RT-ի աշխատակիցների կողմից, ովքեր աշխատում են Ռուսաստանի կառավարության համար», - հավելել է նա:

Արձագանք ստանալու նպատակով «Ամերիկայի ձայնը» դիմել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատուն, նաև՝ մեղադրանքում նշված ընկերությանը։ Երկուսն էլ չեն պատասխանել:

Այս ամենի ֆոնին՝ հրապարակավ իրենց կարծիքն են հայտնել անձինք, որոնց խոսքով՝ կապված են տվյալ ընկերության՝ Tenet Media-ի հետ:

«Եթե այս պնդումները իրական են, ապա ես, նաև մյուս անձինք խաբվել ենք։ Չեմ կարող խոսել ընկերության անունից, թե ինչ են անում կամ ինչ հրահանգներ են ստանում։ Ինձնից բացի, ուրիշ ոչ ոք ամբողջական խմբագրական վերահսկողություն չի ունեցել [իմ] հաղորդման և բովանդակության վրա։ Դրանք հաճախ ապաքաղաքական են եղել»,- X-ում գրել է փոդքասթավար Թիմ Փուլը:

FILE - Russian President Vladimir Putin and RT editor-in-chief Margarita Simonyan are seen on the podium of the St. Petersburg International Economic Forum, in Saint Petersburg, Russia, June 17, 2022.

«The Benny Show» փոդքասթի հաղորդավար Բեննի Ջոնսոնի խոսքով՝ անհանգստցած է ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած մեղադրանքից՝ նշելով, թե դրանք «հստակ են դարձնում, որ ես և մյուս ազդեցիկ անձիք եղել ենք այդ ենթադրյալ սխեմայի զոհերը»:

ԱՄՆ-ում գործող ընկերությանը մեղադրանք չի առաջադրվել, թեև արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն չի հայտնել լսարանին, թե ֆինանսավորվել և ղեկավարվել է RT-ի կողմից: Պաշտոնյաները նաև նշել են, որ ամերիկյան ընկերությունը և նրա հիմնադիրները չեն գրանցվել, ինչպես կարգն է, որպես օտարերկրյա գործակալներ:

RT-ում որոշել են արձագանքել հետևյալ կերպ։

«Եթե մեզ դուրս մղեն, հաջորդ ընտրություններն ինչպե՞ս են անցկացնելու։ Նրանք չունեն որևէ այլ ռազմավարություն, բացի RT-ով վախեցնելը»,- ռուսաստանյան պետական հեռուստաընկերության կայքը մեջբերել է իրենց գլխավոր խմբագիր, Կրեմլի հայտնի պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի տելեգրամյան գրառումը։

ԱՄՆ ներկայացրած մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ RT աշխատակիցներ 31-ամյա Կոստանտին Կալաշնիկովը և 27-ամյա Ելենա Աֆանասևան չեն գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, նաև զբաղվել են փողերի լվացմամբ:

ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների գրանցման կարգի խախտումը նախատեսում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում։ Փողերի լվացման գծով մեղավոր ճանաչվելու դեպքում յուրաքանչյուրին կարող է սպառնալ առավելագույնը 20 տարվա ազատազրկում:

ԱՄՆ իրավապահները չորեքշաբթի թիրախավորել են ռուսական ևս մեկ նախաձեռնություն՝ առգրավելով ինտերնետային 32 հարթակներ, որոնք օգտագործվում էին Մոսկվայի ապատեղեկատվական արշավների ընթացքում:

Մեկ այլ մեղադրական եզրակացության մեջ ասված է, որ ռուսական երեք ընկերություններ՝ Social Design Agency-ին, Structura National Technology-ն և ANO Dialog-ը, խախտել են ԱՄՆ փողերի լվացման և ապրանքային նշանների մասին օրենքները՝ փորձելով շփոթեցնել ամերիկացիներին, որը հայտնի է որպես Operation Doppelganger:

«Այս կայքերը նախագծված էին, որպեսզի ամերիկացի ընթերցողների առջև հանդես գան որպես ԱՄՆ հիմնական լրատվական կայքեր, ինչպիսիք են The Washington Post-ը կամ Fox News-ը: Բայց, իրականում, դրանք կեղծ կայքեր էին»,- ասել է Գարլանդը:

Զուգահեռաբար՝ ԱՄՆ տրամադրության ներքո հայտնված Կրեմլի ներքին փաստաթղթերի համաձայն՝ ռուսաստանցի պաշտոնյաները փորձել են այդ կայքերը հեղեղել քարոզչությամբ, որոնք գլխավորապես ուղղված էին ի աջակցություն Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի։

Հայտնի է ԱՄՆ հետախուզական գործակալությունների գնահատականը, թե ԱՄՆ նախագահական ընտրապայքարում Թրամփն է Մոսկվայի նախընտրելի թեկնածուն:

Ի հավելումն ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկած գործողությունների՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանյան 2 ընկերությունների և 10 քաղաքացիների, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ:

Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի հայտարարեց, թե նոր վիզային սահմանափակումներ է մտցնում այն անձանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի աջակցությունը վայելող լրատվամիջոցների անունից:

Պետքարտուղարությունը նաև ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների բնութագրել է որպես «օտարերկրյա առաքելություններ»: Rossiya Segodnya-ն, RIA Novosti-ն, RT-ն, TV-Novosti-ն, Ruptly-ն և Sputnik-ն այժմ պետք է ԱՄՆ կառավարությանը ծանուցեն Միացյալ Նահանգներում իրենց ողջ անձնակազմի մասին, ինչպես նաև բացահայտեն ունեցվածքը:

«Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ ԱՄՆ ընտրությունների առջև կանգնած թիվ մեկ սպառնալիքը: Մոսկվան շարունակում է օգտագործել ազդեցության թողնող դերակատարների և աշխատում է թաքցնել իր գործողությունները, ստեղծել այնպիսի բովանդակություն, որն ավելի շատ արձագանք է գտնում Միացյալ Նահանգներում»,- լրագրողների փոխանցել է Հետաքննութունների դաշնային բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյան

Այդուհանդերձ, Ռուսաստանի ոչ բոլոր մարտավարություններն են նոր։

Կրեմլը սկսեց ակտիվորն կիրառել սոցցանցերը դեռ չորս տարի առաջ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին: Հայտնի է, որ ռուսական ընկերությունները ակտիվ են եղել նաև Լատինական Ամերիկայում՝ փորձելով տեղի լրատվամիջոցներով սփռել ռուսական արտադրության բովանդակություն:

Այժմ, ամերիկյան պաշտոնյաները ուշադրություն են հրավիրում՝ ռուսական քարոզչական, ապատեղեկատվական գործողությունների տեմպերն ու մասշտաբները ընդլայնվել են:

«[Գործըթնացը] արագացել է՝ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք հասանելի չէին այն ժամանակ։ Հետևաբար՝ սպառնալիքն ավելի մեծ է, քան երբևէ եղել է»,- ասել է Գարլանդը:

Ռուսաստանը, սակայն, միայնակ չի գործում։ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել նաև Չինաստանի և Իրանի վերաբերյալ:

«Նկատում ենք իրանական աճող, ագրեսիվ ակտիվություն այս ընտրական շրջանում, որի նպատակն է հարվածել նախկին նախագահ [Դոնալդ] Թրամփի նախընտրական արշավին՝ խուսափելու ընտրությունների այն արդյունքից, որը [Թեհրանում] համարում են իրենց շահերին հակասող։ Արդարադատության նախարարության ուղերձը պարզ է՝ չենք կարող հանդուրժել ավտորիտար ռեժիմենցների կողմից մեր ժողովրդավարական կառավարման համակարգի դեմ ուղղված փորձերը»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը: