ՄԱԿ-ի մասնագետների առաջին խումբը Սիրիա է ժամանելու 48 ժամվա ընթացքում

Սիրիայի ընդդիմադիր ուժերի մարտիկները՝ Դամասկոսի արվարձաններից մեկում (արխիվային լուսանկար)

Սիրիա 48 ժամվա ընթացքում ժամանելու է ՄԱԿ-ի առաջին խումբը՝ երկրում խաղաղապահների տեղաբաշխման մանրամասները քննարկելու նպատակով:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պետությունների խաղաղության հանձնակատարի խոսնակը՝ ասելով, որ խմբի մասնագետներն աշխատելու են Դամասկոսում միջազգային դիտորդների տեղաբաշխման մանրամասների հստակեցման ուղղությամբ:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ Քոֆի Անանը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համաձայնվել է մեկնարկել բողոքի ցույցի կենտրոններ հանդիսացող բնակավայրերից կառավարական ուժերի դուրսբերումը և ավարտել այս գործընթացը մինչև ապրիլի 10-ը:

ՄԱԿ-ի դիվանագետների համաձայն, նախագահ Ասադը համաձայնվել է նաև իրականացնել «անհետաձգելի» մի քանի քայլ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ զորամիավորումների շարժի դադարեցումը և բնակավայրերում արդեն գտնվող զորամիավորումների և ծանր սպառազինության դուրսբերումը:

Այս քայլերը մաս են կազմում Անանի կողմից անցյալ ամիս մշակված և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացրած խաղաղության ծրագրի: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող ապստամբության ընթացքում զոհվածների թիվը հասել է 9 հազարի:

Չնայած Սիրիայի նախագահի կողմից խաղաղության ծրագիրն իրականացնելու տվյալ համաձայնության, երեքշաբթի Սիրիայի տարբեր մասերում շարունակվել են կառավարական ուժերի հարձակումները:

Դամասկոսն այցելած Միջազգային կարմիր խաչի նախագահ Յակոբ Քելենբերգը երեքշաբթի օրն ասել է, թե դեռևս բավականին վաղ է կանխագուշակել Սիրիայի իշխանությունների հետ կայացած իր հանդիպման արդյունքները:

Կարմիր խաչի ղեկավարն այցելել է Սիրիա՝ փորձելով ձեռք բերել պայմանավորվածություն մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ օրական երկու ժամ զինադադարի մասին: