Մատչելի հղումներ

Սիրիայում շարունակվում են բախումները


Սիրիայում երկուշաբթի օրը վերսկսվել են բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև այն ընթացքում, երբ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը պատրաստվում է իր առաքելության ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի գործողությունների արդյունքում Իդլիբ հյուսիսային նահանգում զոհվել է երկու մարդ:

Իրավապաշտպան այս կազմակերպությունը հայտնել է նաև, որ ապստամբները երկու մարդ են սպանել Սիրիայի հարավում հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում, ևս մեկ մարդ զոհվել է Հալեպ հյուսիսային քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Աշխարհի ավելի քան 70 պետություն, ներառյալ Միացյալ Նահանգները, կիրակի օրը հավաքվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, խոստացել են ֆինանսական օգնություն և հաղորդակցմա սարքավորումներ ուղարկել Սիրիայում գործող ընդդիմադիր ուժերին:

Ստամբուլում անցկացված «Սիրիայի բարեկամների» համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն է՛լ ավելի մեկուսացնելու ծրագրի շուրջ:

Համաժողովի մասնակիցները հայտնել են նաև, որ Պարսից ծոցի մի քանի պետություն ստեղծում են ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդին միլիոնավոր դոլար կազմող օգնություն փոխանցելու և Ասադի վարչակարգի դեմ պայքար մղող ապստամբներին աշխատավարձ վճարելու նպատակ հետապնդող հիմնադրամ: Նրանց համաձայն, այս քայլը ձեռնարկվում է Ասադին հավատարիմ զինվորականներին ընդդիմության շարքերը ներգրավելու նպատակով:

XS
SM
MD
LG