Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրում բնակվող փոքրամասնություններին վերադարձնել 1936 թվականին ստորագրված հռչակագրով առգրավված գույքը:
«Հուրիեթ» պարբերականի համաձայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն, փոքրամասնություններին վերադարձվելու է նաև երրորդ կողմերին վաճառված գույքի արժեքը՝ հաշվարկված շուկայական գներով:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը, անդրադառնալով Թուրքիայի կառավարության այս որոշման, ասել է. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում զգալի վնասներ կրելու և ԱՄՆ-ի Կոնգրեսում քրիստոնեական համայնքների վրա գործադրվող ճնշմանն ուշադրությունը հրավիրելու օրենսդրության ընդունմամբ առաջացրած մտավախությունների պատճառով, Թուրքիայի կառավարությունը ստորագրել է հրամանագիր, որով կարգադրվում է վերադարձնել 1936 թվականից հետո առգրավված քրիստոնեական և հրեական կրոնական գույքը»:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Խաչիկյանը հավելել է, որ «Էրդողանի կողմից հրամանագրով, որի արձակումը պայմանավորված է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Թուրքիայում բնակվող քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ գործադրվող ճնշումների մանրակրկիտ քննարկմամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարվող գործերում իրար հաջորդող պարտություններով, նախատեսվում է վերադարձնել գույքի այնպիսի ծավալ, որը չի կազմում Հայոց ցեղասպանության և ցեղասպանությանը հաջորդող մի քանի տասնյակ տարիների ընթացքում առգրավված եկեղեցիների և եկեղեցական գույքի նույնիսկ մեկ տոկոսը»:
«Հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունից իննսունվեց տարի անց, այս որոշումն իրենից ծխածածկույթ է ներկայացնում, որի նպատակն է՝ խուսափել դաժան այդ գործողությունների ավելի լուրջ հետևանքներից», - ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը:
Թուրքիայի կառավարության կողմից ընդունված որոշմանն անդրադարձել է նաև «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականը: «Թուրքիայի կառավարությունը վերադարձնելու է առգրավված գույքը ազգային փոքրամասնություններին» խորագրով հրապարակված հոդվածում մեջ է բերվում Հունաստանի կառավարության պաշտոնյաներից մեկի խոսքը, որի համաձայն «Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գլուխ գալուց հետո ներկայիս օրենսդրության մեջ արդեն հինգ անգամ է փոփոխություն կատարվել, սակայն այդ փոփոխությունների իրագործումը բավարար չի եղել»:
Հունաստանի կառավարության պաշտոնյան, որը ցանկացել է չբացահայտել իր անունը՝ դիվանագիտական պաշտոն զբաղեցնելու պատճառով, հույս է հայտնել նաև, որ «այս անգամ փոփոխությունների իրականացման առումով իրական տեղաշարժ կգրանցվի»: