Սիրիայում զինադադարը սկսում է խաթարվել

Սիրիայում զինադադարի ուժի մեջ մտնելուց ընդամենը մեկ օր անց երկրի ակտիվիստները հայտնել են, որ այն սկսում է աստիճանաբար խաթարվել:

Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, կառավարական ստորաբաժանումների և ապստամբների միջև ուրբաթ օրը բախում է տեղի ունեցել Թուրքիայի հետ սահմանամերձ Խիրբել էլ-Ջոզ բնակավայրի մոտակայքում: Կազմակերպության ներկայացուցիչների համաձայն, բախումները սկսվել են դեպի բնակավայր զրահատեխնիկա տեղափոխելուց հետո:

Սիրիայի ընդդիմությունն այս ընթացքում կոչ է արել ուրբաթ օրը բողոքի լայնածավալ ցույցեր անցկացնել՝ զինադադարի պայմանները պահպանելու երկրի կառավարության վճռականությունը ստուգելու նպատակով:

ՄԱԿ-ի միջնորդությամբ հինգշաբթի օրը տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին ուժի մեջ մտած զինադադարը, ըստ ընդդիմության, արդեն խախտվել է, երբ վերջնաժամկետը լրանալուց կարճ ժամանակ անց կառավարական ուժերի գործողությունների պատճառով զոհվել է քաղաքացիական երեք անձ:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը զգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Սիրիայի իշխանությունները ամբողջությամբ չեն հետևում խաղաղության ծրագրի պայմաններին: Անանը, այնուամենայնիվ, ասել է, թե դրական կարձագանքի զինադադարը պահպանելու մասին լուրերին:

Արևմուտքի պետությունները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիտորդների երկու ալիք ուղարկել Սիրիա՝ զինադադարի մոնիթորինգի և կատարումը ապահովելու նպատակով: ՄԱԿ-ի բանաձևի նախագծում Սիրիայի իշխանություններին կոչ է արվում ապահովել երկրում դիտորդների ազատ և առանց խոչընդոտների տեղաշարժը, ինչպես նաև ներկայացվում է բնակավայրերից զինծառայողներին և ծանր սպառազինությունների դուրսբերման պահանջ: