Բազմաթիվ զոհեր՝ Սիրիայում չդադարող բռնությունների պատճառով

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ երկրում չդադարող բռնությունների պատճառով երեքշաբթի օրը զոհվել է 23 մարդ:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Դեր էզ Զոր նահանգում կառավարական ստորաբաժանումների և ապստամբների ուժերի միջև բախումների զոհ է գնացել 12 զինծառայող և քաղաքացիական մեկ անձ:

Ակտիվիստների համաձայն, երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում նռնականետներից իրականացված հրետանային հարձակման հետևանքով զոհվել է տասը մարդ: Պայթյունի զոհերից ինը եղել են նույն ընտանիքի անդամներ:

«Մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, երեքշաբթի օրը նռնականետներից իրականացված հրետանային հարձակման զոհերից առնվազն երկուսը երեխաներ են եղել:

Այս հարձակման համար իրավապաշտպանները մեղադրել են կառավարական ուժերին:

Իդլիբ քաղաքում մեկ օր առաջ երկու պայթյուն է որոտացել Սիրիայի բանակի և օդուժի հետախուզական գրասենյակի մոտակայքում, որի պատճառով զոհվել է մոտ 20 մարդ:

Երկրի պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, հարձակումն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Գործակալության վկայությամբ, պայթյունների հետևանքով զոհվածների թիվն ավելի ցածր է եղել՝ կազմելով ինը զոհված և մոտ 100 վիրավոր:

Հարձակումներն իրականացել են Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելության նորանշանակ ղեկավարի կողմից երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի և ընդդիմության ուժերին զինադադարը պաշտպանելու նպատակով բախումները դադարեցնելու մասին արված կոչից մի քանի ժամ անց:

Նորվեգիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը Դամասկոս է ժամանել կիրակի օրը՝ ստանձնելով երկրում զինադադարի մոնիթորինգն իրականացնելու նպատակով ՄԱԿ-ի դիտորդների առաքելության ղեկավարի պարտականությունները: Սիրիայում դիտորդական առաքելության կազմի մեջ այժմ գտնվում է 30 մարդ:

Նորվեգացի գեներալը կոչ է արել դադարեցնել զինված բոլոր հարձակումները և ընդգծել է, որ ՄԱԿ-ի դիտորդները չեն կարողանալու լուծել Սիրիայի բոլոր խնդիրները: Ռոբերտ Մուդը համագործակցության կոչ է արել ինչպես Ասադին հավատարիմ, այնպես էլ ընդդիմության ուժերին: