Մատչելի հղումներ

«Սիրիան խախտում է բնակավայրերից մարտական ծանր տեխնիկան դուրս բերելու պարտավորությունը»


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մեղադրել է Սիրիայի կառավարությանը բնակավայրերից մարտական ծանր տեխնիկան դուրս բերելու պարտավորությունը չկատարելու մեջ՝ պահանջելով, որպեսզի այն «անհապաղ» կատարի իր ստանձնած պարտականությունները:

Բան Կի-մունի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները զեկուցել են, որ բնակավայրերից, խախտելով կառավարության և ապստամբների ուժերի կողմից ապրիլի 12-ին ձեռք բերված զինադադարի մասին պայմանավորվածությունը, դուրս չեն բերվել ո՛չ ռազմական տեխնիկան, ո՛չ էլ զինված ուժերի ստորաբաժանումները:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր անհանգստությունն է հայտնել դիտորդների կողմից հայտնաբերված փաստերի կապակցությամբ: Երկրում հակամարտության արդեն մեկ տարի չդադարելու մեջ նա մեղադրել է ինչպես երկրի կառավարությունը, այնպես էլ ապստամբներին՝ հորդորելով կողմերին, մասնավորապես՝ Սիրիայի կառավարությանը, ապահովել երկրում զինադադարի մոնիթորինգն իրականացնող ՄԱԿ-ի 15 դիտորդի արդյունավետ աշխատանքը:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի խոսնակը հինգշաբթի օրը հայտնել է, որ դիտորդներն ուսումնասիրել են Համա քաղաքի մոտակայքում առնվազն 16 զոհի պատճառը դարձած հուժկու պայթյունի վայրը, սակայն դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել հայտնաբերվածի կապակցությամբ:

Սիրիայի կառավարությունը Համայում տեղի ունեցած պայթյունն իրականացնելու մեջ մեղադրել է «ահաբեկիչներին»՝ ասելով, թե պայթյունի պատճառն են դարձել նրանց կողմից պատրաստված պայթուցիկ նյութերը: Երկրի տեղեկատվության նախարարը հինգշաբթի օրն ասել է նաև, որ զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու ժամանակից «ահաբեկիչներն» ավելի քան 1300 անգամ են խախտել զինադադարը:

XS
SM
MD
LG