Մատչելի հղումներ

Քոֆի Անանն անհանգստություն է հայտնել Սիրիայում շարունակվող հարձակումներով


Սիրիայի Համա և Դումա քաղաքներում չորեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ի դիտորդների հեռանալուց ընդամենը մի քանի օր անց վերսկսվել են կառավարական ուժերի գրոհները:

«Սի-Էն-Էն» գործակալության փոխանցմամբ, երկրի ընդդիմության ակտիվիստները հայտնել են Դումա քաղաքում արդեն երկու օր շարունակվող կառավարական ուժերի գրոհների մասին և կոչ արել միջազգային դիտորդներին վերադառնալ Դումա՝ «վարչակարգի իրական դեմքը տեսնելու համար»:

ՄԱԿ-ի և արաբական պետությունների հատուկ հանձնակատար Քոֆի Անանն անհանգստություն է հայտնել Սիրիայի կառավարության կողմից երկրի քաղաքներում հարձակումների վերսկսման մասին լուրերով:

«Ես հատկապես անհանգստացած եմ այն հաղորդագրություններով, որոնց համաձայն կառավարական ստորաբաժանումները մուտք են գործել Համա երկուշաբթի օրը՝ դիտորդների հեռանալուց անմիջապես հետո, և այնտեղ ավտոմատ զենք կիրառել, ինչի պատճառով զոհվել են քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Եթե այս հաղորդագրությունները հաստատվեն, ապա այս գործողությունները կդատապարտվեն որպես անընդունելի», - նշել է Քոֆի Անանը:

XS
SM
MD
LG