Մատչելի հղումներ

Դամասկոսում կրակ է բացվել Կենտրոնական բանկի ուղղությամբ


«Սիրիայի Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ կրակ է բացվել՝ հակատանկային նռնականետների կիրառմամբ»:

Այս մասին հաղորդել է Սիրիայի «SANA» պետական լրատվական գործակալությունը, որի վկայությամբ, երկուշաբթի օրը Կենտրոնական բանկի ուղղությամբ իրականացված հարձակման արդյունքում տուժածներ չկան:

Գործակալությունը հայտնել է նաև, որ «զինված ահաբեկիչները» կրակ են բացել Դամասկոսում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ: Այս հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել ոստիկանության առնվազն չորս ծառայող:

Հարձակումներն իրականացել են Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելության նորանշանակ ղեկավարի կողմից երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի և ընդդիմության ուժերը զինադադարը պաշտպանելու նպատակով բախումները դադարեցնելու մասին արված կոչից մի քանի ժամ անց:

Գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը Դամասկոս է ժամանել կիրակի օրը՝ ստանձնելով երկրում զինադադարի մոնիթորինգն իրականացնելու նպատակով ՄԱԿ-ի դիտորդների առաքելության ղեկավարի պարտականությունները: Սիրիայում դիտորդական առաքելության կազմի մեջ այժմ գտնվում է 30 մարդ:

Նորվեգացի գեներալը կոչ է արել դադարեցնել զինված բոլոր հարձակումները և ընդգծել, որ ՄԱԿ-ի դիտորդները չեն կարողանալու լուծել Սիրիայի բոլոր խնդիրները: Ռոբերտ Մուդը համագործակցության կոչ է արել ինչպես Ասադին հավատարիմ, այնպես էլ ընդդիմության ուժերին:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է սակայն, որ երկրում կիրակի օրն իրականացված բռնությունների զոհ է գնացել 25 մարդ, որոնց թվում են Համա նահանգում կառավարական զինված ուժերի կողմից գնդակահարված քաղաքացիական 14 անձինք:

Զոհերի մասին վերջին հաղորդագրություններն անհնար է ենթարկել անկախ փորձաքննության:

XS
SM
MD
LG