Նորվեգացի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը, որը ՄԱԿ-ի կողմից նշանակվել է Սիրիայում դիտորդական առաքելության խմբի ղեկավարի պաշտոնում, Սիրիայի հակամարտ բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել արդեն մեկ տարի շարունակվող բռնությունները։
Դամասկոսում, հանդես գալով լրագրողների առջեւ, նա կոչ է արել բռնությունները դադարեցնելով, օգնել ուժի մեջ մտցնել ՄԱԿ-ի ներկայացրած զինադադարի համաձայնագիրը եւ խաղաղության ծրագրի մյուս պահանջները։ Նորվեգացի գեներալի խոսքերով, առանց նման աջակցության, ՄԱԿ-ի դիտորդներն ի վիճակի չեն լուծել այս երկրի խնդիրները։
Զինադադարի մասին համաձայնության ստորագրումից ի վեր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը երկրի ամբողջ տարածքով մեկ շարունակում են հարձակումներն ընդդեմ ընդդիմության։ Իսկ ընդդիմությունն իր հերթին իրականացնում է հանկարծակի գրոհներ ընդդեմ կառավարական ուժերի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է կառավարությանը՝ քաղաքային շրջաններում քաղաքացիական անձանց դեմ ծանր հրետանի կիրառելու համար։
Հոմս քաղաքում բանակային ուժերի գրոհի արդյունքում սպանվել են եւս երկու քաղաքացիներ, Համայի շրջանում՝ մեկ։
Գեներալ- մայոր Մուդը ունի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում տարիների փորձառություն։ Նա է 2ՕՕ9-2Օ11 թվականների ընթացքում ղեկավարել Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը։