ԱՄՆ-ի դեսպանն անսպասելի այցելություն է կատարել Սիրիայի հարավային շրջան

ԱՄՆ-ի դեսպանն անսպասելի այցելություն է կատարել Սիրիայի հարավային շրջան

Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանն անսպասելի այց է կատարել հարավային Դերաա շրջան, որտեղ անցկացվել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ բողոքի բազմաթիվ ցույցեր:

Այս երկրում ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնատար անձանցից մեկի փոխանցմամբ, դեսպան Ռոբերտ Ֆորդը երեքշաբթի օրն այցելել է Ջասեմ քաղաքը:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, այս այցը կատարելու համար ԱՄՆ-ի դեսպանը ստացել է Սիրիայի իշխանությունների թույլտվությունը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի դեսպան Ֆրոդի և Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեի կողմից Հոմս քաղաքի այցելությունն առաջացրել էր Սիրիայի իշխանությունների զայրույթը, որի հետևանքով այս երկրի կառավարությունը սահմանափակել է դեսպանների տեղաշարժման ազատությունն այս երկրում:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Սիրիայի իշխանությունների նման գործողություններին հայտնել էր, որ դիվանագետները Սիրիայում պետք է ունենան երկրի ամբողջ տարածքով ազատ տեղաշարժի հնարավորություն` կառավարությանն ընդդեմ ցույցեր անցկացնող անձանց նկատմամբ բռնությունների իրականացման փաստաթղթային ապացույցներ հավաքելու համար։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Սիրիայի կառավարությունն արդեն իսկ մերժում է միջազգային լրատվամիջոցներին, օգնություն տրամադրող և իրավապաշտպան կազմակերպությունների անձնակազմին երկիր մուտք գործելու հնարավորությունը։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել էր, որ Միացյալ Նահանգները համարժեք գործողություններ կձեռնարկի՝ Սիրիայի կառավարության կողմից այս երկրում դիվանագետների պարտականությունների պատշաճ իրականացմանը խոչընդոտելու դեպքում։