Սիրիայի Հոմս քաղաքում հրասայլերը կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ

Սիրիայի Հոմս քաղաքում հրասայլերը կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ

Սիրիայի զինված ուժերի հրասայլերը կրակ են բացել Հոմս քաղաքի Բաբ Ամր շրջանում գտնվող բնակելի թաղամասերի ուղղությամբ: Այս մասին հայտնել են երկրի իրավապաշտպան ակտիվիստներն ու քաղաքի բնակիչները:

Երկրի պետական լրատվական գործակալության համաձայն, Սիրիայի զինուժը Բաբ Ամրում և հարավային Դերաա քաղաքում չորեքշաբթի օրը հարված է հասցրել «ահաբեկիչների զինված ավազակախմբերին»` հավելելով, որ գործողության ընթացքում զոհվել է երկու, վնասվածքներ ստացել` հինգ զինծառայող:

Պետական լրատվական գործակալությունը հաղորդել է նաև, որ բանակայինների կողմից ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի զինյալ, առգրավվել զենք և զինամթերք:

Սիրիայի կառավարությունը, հավանաբար որպես երկրի ընդդիմությանն ուղղված ժեստ, չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրում ստեղծվել է համընդհանուր ընտրությունների անցկացումը կարգավորող օրինագիծ մշակելու հանձնաժողով:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը չորեքշաբթի օրը հորդորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դադարեցնել ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները և ականջ դնել ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պահանջներին: