Մատչելի հղումներ

Սիրիայի զինուժը դուրս է բերվում Դերաայից


Սիրիայի զինուժն աստիճանաբար դուրս է բերվում Դերաա քաղաքից, որտեղ մի քանի օր շարունակվել են անվտանգության ուժերի և հակակառավարական ցուցարարների միջև արյունալի բախումները:

Պետական «SANA» լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հաղորդել է, թե բանակն այս քաղաքում ավարտել է «ահաբեկչական տարրերի» դեմ ուղղված գործողությունները և այժմ վերականգնում է անդորրն ու կայունությունը:

Նախագահ Բաշար ալ-Ասադը չորեքշաբթի օրը հայտնել է, թե Դերաայում զինուժի կողմից իրականացվող գործողությունները կավարտվեն «շատ շուտով»:

Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին` ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, թե աշխարհի տերությունները պետք է տեղեկացնեն Սիրիայի կառավարությանը, որ քաղաքացիական անձանց դեմ իրականացվող բռնություններն անհետևանք չեն անցնելու:

Հիլարի Քլինթընը Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ Հռոմում հինգշաբթի օրը քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը:

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, այս երկրում տեղի ունեցող խռովությունների ընթացքում զոհվել է առնվազն 560 մարդ:

XS
SM
MD
LG