ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր՝ սահմանելով պատժամիջոցներ Սիրիայում բռնությունների և մարդու իրավունքների խախտումների իրականացման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձանց նկատմամբ։
ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն, հրամանագիրը Միացյալ Նահանգների իշխանություններին հնարավորություն է տալիս որոշել այն անձանց և կազմակերպությունների շրջանակը, որոնք ներգրավված են եղել Սիրիայում մարդու իրավունքների խախտման, այդ թվում՝ բռնություններ կատարելու մեջ։
Մամուլի հաղորդագրությունում ասված է, որ Միացյալ Նահանգները խիստ դատապարտում է Սիրիայի իշխանությունների կողմից իր ժողովրդի դեմ բռնությունների ու ահաբեկման իրականացումը և կոչ է արվում իշխող վարչակարգին զերծ մնալ այս երկրում իրենց քաղաքական տենչանքներն արտահայտող քաղաքացիների դեմ բռնություններ և մարդու իրավունքների այլ խախտումներ թույլ տալուց։