Սիրիայի ակտիվիստների համաձայն, այս երկրի կառավարական ուժերը հինգշաբթի օրը սպանել են առնվազն 19 մարդ, ներառյալ այն տարածքներում, ուր այցելել են Արաբական պետությունների դիտորդները:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, առնվազն չորս մարդ սպանվել է Դամասկոսի Դումա արվարձանում, երբ անվտանգության ուժերը կրակ են բացել մզկիթներից մեկի մոտակայքում բողոքի ցույց սկսած հազարավոր մարդկանց ուղղությամբ: Որոշ բնակիչների համաձայն, այդ ընթացքում Արաբական պետությունների լիգայի դիտորդները գտնվել են ընդհարումների շրջանում:
Սիրիայի որոշ բնակիչներ և ակտիվիստներ մտահոգություն են արտահայտել այն հանգամանքով, որ Արաբական պետությունների լիգայի դիտորդները չունեն իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար մասնագիտական համապատասխան որակավորում կամ անկախություն:
Բաբա Ամիր շրջանի բնակիչները, որտեղ կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև ծանր ընդհարումներ են տեղի ունեցել, հրաժարվել են թույլ տալ դիտորդներին մուտք գործել իրենց բնակավայր, քանի որ վերջիններս ուղեկցվել են բանակի սպաների կողմից: Դիտորդներին թույլատրվել է մուտք գործել տարածք միայն սպաների հեռանալուց հետո:
Սիրիայի իշխանությունները համաձայնվել են թույլատրել Արաբական պետությունների լիգայի դիտորդների այցելությունը միջազգային հանրության կողմից գործադրված ճնշման և արաբական պետությունների կողմից պատժամիջոցների սպառնալիքներից հետո:
Միավորված ազգերի կազմակերպության գնահատականների համաձայն, Սիրիայում մարտ ամսից սկսված բռնությունների արդյունքում զոհվել է մոտ 5 հազար մարդ: Սիրիայի իշխանությունները պնդում են, որ խռովությունները հրահրվել են զինյալ ահաբեկիչների կողմից, որոնք, ըստ իշխանությունների, մարտ մասից սպանել են անվտանգության ուժերի 2 հազար զինծառայող: