«Սիրիայի իշխանությունները տեղափոխել են բանտարկյալներին ռազմակայաններ՝ երկիրն այցելող Արաբական պետությունների լիգայի դիտորդներից վերջիններիս թաքցնելու նպատակով»:
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Արաբական պետությունների լիգան պետք է պնդի, որպեսզի իր դիտորդներին թույլատրվեն այցելություններ ազատազրկման ցանկացած վայր: Կազմակերպությունը պնդում է նաև, որ դիտորդները պետք է տեղեկացնեն իրենց աշխատանքն իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերի մասին:
«Human Rights Watch»-ի համաձայն, զինված ստորաբաժանումները դուրս բերելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և բռնությունները դադարեցնելու մասին Սիրիայի կառավարության խոստումների իրականացումը վերահսկելու նպատակով երկիր ժամանած Արաբական պետությունների լիգայի դիտորդների այցին ընդառաջ երկրի իշխանությունները հարյուրավոր քաղբանտարկյալների են տեղափոխել ռազմակայաններ:
Սիրիա ժամանած դիտորդների առաքելության ղեկավար, Սուդանի գեներալ Մոհամմեդ Դաբին չորեքշաբթի օրը հայտնել է, որ այսօր դիտորդներն այցելություններ կկատարեն ևս երեք շրջան, ներառյալ Համան, Իդլիբն ու Դերաան:
Դիտորդների այս այցերը կհաջորդեն երեքշաբթի օրը Հոմս քաղաք կատարված այցին, որտեղ Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել՝ տասնյակ հազարավոր ցուցարարներին ցրելու նպատակով:
Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, Հոմս քաղաքում երեքշաբթի օրը մոտ 70 հազար մարդ մասնակցել է հակակառավարական ցույցի, որի ընթացքում ցուցարարները պահանջել երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի մահապատիժը: Անվտանգության ուժերի հետ բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները շարժվել են դեպի քաղաքի կենտրոն:
Սիրիայի ակտիվիստների վկայությամբ, բռնություններ են տեղի ունեցել նաև չորեքշաբթի օրը Դերաա նահանգում, որտեղ դասալիքները սպանել են զինված ուժերի առնվազն չորս, վնասվածքներ հասցրել՝ 12 զինծառայողի:
Միացյալ Նահանգների իշխանությունները երեքշաբթի օրը դատապարտել են Սիրիայում շարունակվող բռնությունները՝ ասելով, որ այս երկրի կառավարության կողմից իրականացվող գործողությունները հակասում են Արաբական պետությունների լիգայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:
ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, Սիրիայի իշխանությունների կողմից Արաբական պետությունների լիգայի գործադրվող ջանքերի անտեսումը շարունակելու դեպքում, միջազգային հանրությունը քննարկելու է քաղաքացիական անձանց պաշտպանությանն ուղղված այլ միջոցներ: