«Սիրիայի Հոմս նահանգում երկրի անվտանգության ուժերի կողմից չդադարող բռնությունների զոհ երկուշաբթի օրը դարձել է առնվազն 13 մարդ»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնից գործող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ ասելով, որ զոհվածների պատճառ է դարձել Բաբա Ամր բնակավայրի ուղղությամբ կառավարական ուժերի կողմից բացված հրետանային կրակը:
Սիրիայում երկուշաբթի օրը տեղի ունեցած բռնություններն իրականացվել են Արաբական պետությունների լիգայի դիտորդների կողմից ծրագրված այցից առաջ: Այցի ընթացքում 50 դիտորդ կհետևի Սիրիայի կառավարության կողմից ժողովրդավարություն պահանջող ցուցարարների նկատմամբ բռնությունները դադարեցնելու վերաբերյալ Արաբական պետությունների պլանի կատարմանը:
Սիրիայի ընդդիմության առաջնորդը կիրակի օրը կոչ է արել Արաբական պետությունների լիգային դիմել Միավորված ազգերի կազմակերպության օգնությանը:
Սիրիայի ազգային խորհուրդը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում, նշել է, որ Լիան պետք է է՛լ ավելի ուժեղ ճնշում գործադրի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի նկատմամբ՝ Արաբական պետությունների լիգայի առաջարկությունը հաստատելու նպատակով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Ռուսաստանն ու Չինաստանը մինչ այժմ դեմ են հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի կառավարությունը դատապարտող և ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող բռնությունները դատապարտող պատժամիջոցների: