Լոնդոնից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ նախորդ օրը Սիրիայի կառավարական ուժերը գործողությունների պատճառով զոհվել է քաղաքացիական ավելի քան 100 անձ և մեկ տասնյակից ավելի դասալիք:
Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, երեքշաբթի օրը Իդլիբ նահանգի Քաֆրուվեդ բնակավայրում քաղաքացիական անձանց շրջապատելուց հետո կառավարական ուժերը սպանել են 111 մարդ:
Ըստ «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի, ականատեսները հայտնել են նաև, որ կառավարական ուժերն երկրի Իդլիբ նահանգում հարձակում են գործել դասալիքների վրա՝ սպանելով և վնասվածքներ հասցնելով մոտ 100 անձի:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության հաղորդած տվյալներն անհնար է ենթարկել անկախ փորձաքննության, քան որ Սիրիայի իշխանություններն արգելել են օտարերկրյա լրագրողների մուտքը երկիր:
Միջազգային դիտորդներն այս ընթացքում պատրաստվում են ժամանել Սիրիա՝ արդեն ինն ամիս շարունակվող բռնություններին վերջ տալու փորձ կատարելու նպատակով:
Արաբական պետությունների լիգայի պաշտոնատար անձանց համաձայն, դիտորդների ժամանելուց առաջ Սիրիա հինգշաբթի օրը ժամանելու է նախապատրաստական աշխատանքներ իրականացնողների մի խումբ, որի կազմում կլինեն անվտանգության, իրավական և մարդու իրավունքների ոլորտների փորձագետներ:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, Արաբական պետությունների լիգայի դիտորդները կարևոր դեր կունենան այս երկրում քաղաքացիական անմեղ անձանց պաշտպանելու գործում և աշխարհին կներկայացնեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ճշմարիտ պատկերը: