Սիրիայի կառավարությունը երեքշաբթի օրն ընդունել է երկրում մոտ հիսուն տարի գործող արտակարգ իրավիճակի մասին օրենքի գործողությունը դադարեցնող օրինագիծ՝ այսպիսով կատարելով ընդդիմության հիմնական պահանջներից մեկը։
«SANA» պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է նաև, որ Սիրիայի իշխանությունները պատրաստվում են ցրել երկրի քաղբանտարկյալների հարցաքննությունն իրականացնող անվտանգության դատարանը և ընդունել խաղաղ հավաքներ թույլատրող մի նոր օրենք։
Բարձրաստիճան իրավաբաններից մեկի համաձայն, օրենքը ուժի մեջ մտնելու համար դեռևս անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստորագրի օրինագիծը։
Դեռևս պարզ չէ սակայն, արդյոք արտակարգ իրավիճակի մասին օրենքի գործողությունը դադարեցնելուց հետո Սիրիայում կթույլատրվեն ընդդիմության ցույցերը։
Երեքշաբթի օրն առավոտյան ներքին գործերի նախարարությունը հորդորել է ժողովրդին զերծ մնալ բողոքի ցույցերի, երթերի կամ նստադուլների մասնակցելուց։