Սիրիայի անվտանգության ուժերը երկուշաբթի օրը ձերբակալել են հակակառավարական հարյուրավոր ակտիվիստների և ցույցերի մասնակիցների` անցնելով տնից տուն և խուզարկություններ անցկացնելով երկրի այն քաղաքներում, որտեղ հիմնականում անցկացվել են բողոքի ցույցերը:
Հրասայլերը շարունակել են շրջել ափամերձ Բանիյաս, ինչպես նաև երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս քաղաքներում, որտեղ, ականատեսների համաձայն, կիրակի օրն անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է 14 մարդ: Կրակոցներ են լսվել նաև Դամասկոսի արվարձաններից մեկում:
Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, մարտի սկզբից տեղի ունեցող խռովությունների պատճառով զոհվել է ավելի քան 630 քաղաքացիական անձ, ձերբակալվածների և անհայտ կորածների թիվը կազմել է մոտ ութ հազար:
Սիրիայի կառավարական թերթերից մեկի փոխանցմամբ, երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի կառավարությունը կհաղթահարի երկում ստեղծված «ճգնաժամը» և կանցկացնի բարեփոխումներ վարչական, քաղաքական և մամուլի ոլորտներում: Թերթը հայտնել է նաև, թե երկրի զինուժը Բանիյաս քաղաքում «ծանր մարտեր» է մղել «զինված ուժերի դեմ»:
Սիրիայից ստացվող հաղորդագրությունները դժվար է ենթարկել անկախ հաստատման, քանի որ այս երկում արգելված է օտարերկրյա մամուլի գործունեությունը, և լրագրողները մուտք չունեն երկրի բազմաթիվ շրջաններ: