«Արաբական պետությունների կողմից այս կազմակերպությունում Սիրիայի անդամակցության դադարեցումը չափազանց վտանգավոր քայլ է, որը խախտում է կազմակերպության կանոնադրությունը»:
Այս հայտարարությամբ հանդես են եկել Սիրիայի իշխանությունները՝ մեղադրելով արաբական պետություններին Միացյալ Նահանգների կամքին տեղի տալու մեջ:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մոալլեմը երկուշաբթի օրը նշել է, որ պետության անդամակցության դադարեցման համար անհրաժեշտ է, որպեսզի նման քայլին կողմ կազմակերպության բոլոր անդամները քվեարկեն միաձայն, իսկ Լիգայի անդամ մի քանի պետություն դեմ են եղել այս քայլին:
Արտգործնախարար ալ-Մոալլեմն «անօրինական» է անվանել կազմակերպության նման որոշումը, որը, ըստ նրա, ընդունվել է այն ժամանակ, երբ Դամասկոսն իրականացնում է բռնությունները դադարեցնելու և ընդդիմության հետ երկխոսություն սկսելու մասին Լիգայի հետ ձեռք բերված համաձայնության պայմանները:
Ալ-Մոալլեմը զգուշացրել է, որ Սիրիան չի փոխելու իր դիրքորոշումը և համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են արգելափակել ՄԱԿ-ում արևմտյան պետությունների` հակակառավարական ցուցարարների դեմ բռնությունների իրականացումը դատապարտելուն ուղղված ջանքերը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հայտնել է, որ Մոսկվան դեմ է հանդես գալիս Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության դադարեցման՝ վերահաստատելով ալ-Մոալլեմի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի Արևմուտքի պետությունները հրահրում են Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հակառակորդներին, որոնք պահանջում են վերջինիս հրաժարականը: