Մատչելի հղումներ

«Սիրիայում մեկ օրվա ընթացքում սպանվել է 80-ից ավելի մարդ»


«Սիրիայում մեկ օրվա ընթացքում սպանվել է 80-ից ավելի մարդ»
«Սիրիայում մեկ օրվա ընթացքում սպանվել է 80-ից ավելի մարդ»

«Սիրիայում անվտանգության ուժերի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է ավելի քան 80 մարդ»:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, որ ապացույցներ է հավաքել երկուշաբթի օրը երկրի Դերաա նահանգում 38 քաղաքացիական անձանց և ընդդիմադիրների կողմն անցած 18 զինծառայողի սպանության մասին:

Կազմակերպությունը հատնել է նաև, որ երկուշաբթի օրը սպանություններ են եղել նաև Համա և Հոմսք քաղաքներում: «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի համաձայն, Հոմս քաղաքում հայտնաբերվել է խոշտանգումների հետքերով մի քանի դիակ:

Իրավապաշտպանների համաձայն, ընդդիմադիրների կողմն անցած զինծառայողներից կազմված «Սիրայի ազատ բանակը» հայտնել է երկուշաբթի օրը տեղի ունեցած մարտերում կառավարական ուժերի առնվազն 34 զինծառայողի ոչնչացնելու մասին:

Անկախ կազմակերպությունները հնարավորություն չունեն հաստատելու Սիրիայում զոհվածների և վնասվածքներ ստացածներին մասին հաղորդագրությունները, քանի որ այս երկիր օտարերկրյա լրագրողների մուտքը հիմնականում արգելված է:

Սիրիայի ընդդիմադիր խորհրդի առաջնորդները երեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել Ռուսաստանի ղեկավարության հետ, որի ընթացքում հորդորել են Ռուսաստանին պահանջել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հրաժարականը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Սիրիայի ընդդիմադիր բոլոր խմբերին միանալ Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև երկխոսության Արաբական պետությունների լիգայի նախաձեռնության:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հանես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքն այլևս չի ակնկալում, որ Սիրիայի նախագահ Ասսադը կարող է իրագործել այս երկրի ժողովրդի պահանջները: Նա դատապարտել է Սիրիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ վերջերս իրականացված հարձակումները և կոչ է արել այս երկրի կառավարությանը ներողություն խնդրել:

Հորդանանի թագավոր Աբդուլլահը երկուշաբթի օրը հրապարակայնորեն կոչ է արել Սիրիայի նախագահին հրաժարական ներկայացնել՝ դառնալով արաբական պետության նման կոչով հանդես եկած առաջին ղեկավարը: Հորդանանը եղել է Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությանը դադարեցնելուն կողմ քվեարկած 18 անդամ պետություններից մեկը:

XS
SM
MD
LG