Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես արգելել է «Ս-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի վաճառքը Իրանին:
Չորեքշաբթի օրը Կրեմլը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանի նախագահի հրամանով արգելվում է Իսլամական հանրապետությանը վաճառել նաև տանկեր, ինքնաթիռներ և նավեր:
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Նիկոլայ Մակարովն ասել է, որ հրթիռների մատակարարումը կխախտեր Իրանի նկատմամբ կիրառվող ՄԱԿ-ի պատժամիջոցները:
«Ս-300»-ը գործողության մեծ շառավիղ ունեցող շարժական հակաօդային համակարգ է, որը կարող է հայտնաբերել, հետևել և ոչնչացնել բալիստիկ, թևավոր հրթիռներ և ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռներ:
Արևմտյան պետությունները դեմ էին վաճառքին, քանի որ դրա արդյունքում Իրանը հնարավորություն կստանար պաշտպանվել միջուկային ձեռնարկությունների վրա իրականացվող օդային հարվածներից:
Հունիս ամսին ՄԱԿ-ը սահմանել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փուլը` ուրանի հարստացման աշխատանքները չդադարեցնելու պատճառով: