ՄԱԿ-ի միջուկային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ չի կարող հավաստել Իրանի միջուկային բոլոր հնարավորությունների խաղաղ նպատակի մասին, քանի որ Թեհրանը լիարժեք չի համագործակցում իր գլխավորած գործակալության հետ:
Յուկիա Ամանոն հանդես է եկել այդ հայտարարությամբ այն բանից հետո, երբ Իրանն արգելել է միջուկային ոլորտում մեծ փորձ ունեցող երկու փորձագետի մուտքը երկիր: Նրա համաձայն, ստուգումների իրականացման ընթացքին խոչընդոտում են Իրանի անընդհատ կրկնվող առարկությունները:
ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կասկածում են, որ իր միջուկային ծրագիրը Իրանն օգտագործում է միջուկային զենք մշակելու համար: Թեհրանը պնդում է, որ ծրագիրն իրականացվում է խաղաղ նպատակներով` էլեկտրաէներգիա արտադրելու համար, և մեղադրել է տեսուչներին կեղծ տեղեկատվություն հրապարակելու մեջ:
Վիեննայում Միջուկային էներգիայի գործակալությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Յուկիա Ամանոն հայտարարել է, որ ինքը վստահ է տեսուչների անկողմնակալության մեջ:
Երկուշաբթի օրը Գործակալության նոր գլխավոր տեսուչ է ընտրվել բելգիացի միջուկային փորձագետ Հերման Նեքերթսը: