Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպանը կոչ է արել կազմակերպությանը պաշտպանել երկիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից կիրառվող պատժամիջոցներից:
Իրանական «ԻՍՆԱ » լրատվական գործակալության համաձայն, չորեքշաբթի օրը Ալի Ասգար Սոլթանիեն ասել է, որ ՄԱԿ-ի գործակալությանը պետք է տեղեկացնել այն մասին, որ Իրանը համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ` դրսևորելով բարի կամք և թափանցիկություն:
ՄԱԿ-ը կիրառում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չորս փաթեթ, քանի որ միջազգային հանրությունում շատերը կասկածում են, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու նպատակներ ունի: Թեհրանը ժխտում է այդ մեղադրանքները:
«ԻՍՆԱ » լրատվական գործակալության մեկ այլ հաղորդագրության համաձայն, երեքշաբթի օրը երեկոյան ուշ Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհին, չտրամադրելով մանրամասնություններ, ասել է, որ շուտով Իրանը «լավ լուրեր» է հայտնելու երկրի միջուկային տեխնոլոգիաների մասին:
Իրանը, օգտագործելով ռուսական վառելիքը, շաբաթ օրը նախատեսում է գործարկել ատոմային էներգիա արտադրող իր առաջին ռեակտորը: Իրանի իշանությունների համաձայն, այդ գործընթացը վերահսկվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդների կողմից: