Վաշինգտոնում և ԱՄՆ-ի երկու նահանգներում մեկնարկել են հանրապետական նախնական ընտրությունները

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաև Մերիլենդ և Վիսկոնսին նահանգներում երեքշաբթի մեկնարկել են հանրապետական կուսակցության նախնական ընտրությունները:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի երկու նահանգներում և երկրի մայրաքաղաքում երեքշաբթի օրն անցկացվող նախնական ընտրություններում հաղթանակ կտանի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմինին, ինչը վերջինիս թույլ կտա է՛լ ավելի ուժեղացնել իր առավելությունը հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածու ընտրվելու համար պայքար մղող մրցակիցների նկատմամբ:

Ռոմնին արդեն ստացել է հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածու ընտրվելու համար պատվիրակների ձայների անհրաժեշտ թվի կեսը, և առաջատար դիրքեր է զբաղեցնում ոչ միայն ընտրողների, այլև հանրապետական կուսակցության այլ գործիչների կարծիքով:

Եզրափակելով Վիսկոնսին նահանգում անցկացված ընտրարշավը` Ռոմնին իր քննադատությունն է ուղղել ոչ թե հանրապետական իր մրցակիցների, այլ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ժողովրդավարական կուսակցության տնտեսական քաղաքականությանը:

«Մենք հասկանում ենք այն, ինչ նախագահն ու փոխնախագահը չեն հասկանում, այն է` որ նրանց քաղաքականությունը տապալվել է», - ասել է Ռոմնին:

Այս ընթացքում նախագահ Օբաման ծրագրում է երեքշաբթի երեկոյան երկրի օրաթերթերի ղեկավարների առջև կայանալիք իր ելույթի ընթացքում ուժեղացնել հանրապետականների դեմ ուղղված իր քննադատությունը:

ԱՄՆ-ի նախագահի ուղերձի նախօրոք հրապարակված հատվածներում նա «տրոյական ձի» է անվանել հանրապետականների կողմից սատարվող բյուջեի նախագիծը, որը հավանության է արժանացրել Ռոմնին:

Օբամայի ընտրարշավը վերջին օրերին կենտրոնացվել է Ռոմնիի դեմ, որին քննադատող ուղերձներով են հանդես եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ու արտգործնախարար Հիլարի Քլինթընը. Շրջանառության մեջ է դրվել նաև հանրապետականների նախընտրական պայքարի առաջատարին քննադատող գովազդ: