«Հյուսիսային Կորեան փորք հեռավորության հրթիռներ է արձակել երկրի արևմտյան ափից»:
Այս հայտարարությամբ հանդես են եկել Հարավային Կորեայի երկու օրաթերթ, որոնցից մեկի՝ «Չոսուն Իլբո»-ի համաձայն հինգշաբթի օրն արձակվել են «երկիր-նավ» դասի հրթիռներ:
Ըստ օրաթերթի, իր անունը նշելուց հրաժարված պաշտպանության ոլորտի պաշտոնյաներից մեկը հայտնել է, թե հրթիռների արձակումը հետապնդել է ճշգրտությունը բարձրացնելու նպատակ, և որևէ առնչություն չունի հաջորդ ամիս հեռավորության մեծ շառավիղ ունեցող հրթիռի նախատեսված արձակման հետ:
Նման հաղորդագրությամբ է հանդես եկել մեկ այլ՝ «Ջունգանգ Իլբո» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաջորդ ամսվա կեսին նախատեսում են օգտագործել գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներից մեկը՝ հանգուցյալ նախագահ Քիմ Իլ Սունգի 100-ամյա հոբելյանը տոնելու կապակցությամբ տիեզերք հետազոտական արբանյակ հանելու նպատակով: Միացյալ Նահանգներն ու Արևմուտքի այլ պետությունները պնդում են, որ Փխենյանը նախատեսում է օգտագործել այս հրթիռի արձակումը որպես պատրվակ՝ իր ունեցած բալիստիկ հրթիռների փորձարկման համար: Նման փորձարկումների իրականացումն այս երկրին արգելված է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերով:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Թանական ուրբաթ օրը արձակել է իր երկրի վրայով անցնելու դեպքում Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռը ոչնչացնելու հրամանագիր:
Ճապոնիայի իշխանությունները նման հրամանագիր են արձակել նաև 2009 թվականին, երբ Հյուսիսային Կորեան անցկացրել է գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի փորձարկումը, սակայն հրթիռը ոչնչացնելու ուղղությամբ որևէ գործողություն չեն ձեռնարկել: