Հյուսիսային Կորեան ուրբաթ առավոտյան արձակել է երեք մասից բաղկացած հրթիռը՝ այսպիսով խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը և անտեսելով Միացյալ Նահանգների և այլ պետությունների կողմից նման գործողության հետևանքների մասին զգուշացումները:
Փխենյանը պնդում է, որ հրթիռի արձակումն իրականացվում է Երկրի ուղեծիր արբանյակ հանելու նպատակով: Վաշինգտոնն ու ասիական իր դաշնակիցներ Հարավային Կորեան և Ճապոնիան մտահոգված են սակայն, որ տիեզերք արբանյակ արձակելու մասին հայտարարություններ անելով՝ Փխենյանն իրականում փորձում է քողարկել բալիստիկ հրթիռի հնարավոր փորձարկումը:
«Մեծ ութնյակը» հինգշաբթի օրը խորհուրդ է տվել Փխենյանին դադարեցնել հրթիռի արձակումը: ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն իր հերթին զգուշացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի խիստ միջոցների կդիմի այն դեպքում, եթե Փխենյանն իրականացնի հրթիռի արձակումը:
«Մեծ ութնյակի» իր գործընկերների հետ հանդիպումից հետո Քլինթընն ասել է, որ Փխենյանը կանգնած է մեկուսացման և միջազգային հանրության հետ հարաբերությունների բարելավման երկընտրանքի առջև:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է Հյուսիսային Կորեային ականջ դնել միջազգային հանրության կարծիքին և զերծ մնալ հրթիռի արձակման իրականացումից:
Բան Կի-մունն ասել է, որ հրթիռի արձակման դեպքում լարվածությունը տարածաշրջանում է՛լ ավելի է սաստկանալու: Նա նշել է նաև, որ արձակման դեպքում «հստակ խախտվելու է» Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը վերահսկողության տակ վերցնելու նպատակով ընդունված ՄԱԿ-ի բանաձևը: