Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան ընդունել է հրթիռի կործանման փաստը


Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ օրը վաղ առավոտյան արձակած հրթիռը ուղեծիր դուրս չի եկել:

Դադարեցնելով պետական հեռուստատեսության հաղորդումները՝ հաղորդավարը հրթիռի արձակումից չորս ժամ անց հայտնել է, որ «Քվանգմյոնգսոնգ-3» հետազոտական արբանյակը դուրս չի բերվել Երկրի ուղեծիր, և գիտնականներն ուսումնասիրում են տեղի ունեցածի պատճառները:

Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, Հյուսիսային Կորեան իսկապես արձակել է հրթիռը, որի թռիչքը սակայն երկար չի տևել:

Ըստ Միացյալ Նահանգների պաշտոնյաների, Հյուսիսային Կորեան արձակել է «Տեպո Դոնգ-2» տեսակի հրթիռ, որի ընթացքին հետևել է ԱՄՆ-ի արբանյակներից մեկը: Նրանց համաձայն, հրթիռի թռիչքը կատարվում էր հարավային ուղղությամբ, սակայն հրթիռի առաջին հատվածի Դեղին ծով ընկնելուց հետո մնացած երկու հատվածների թռիչքը ձախողվել է և դրանք այլևս վտանգ չէին ներկայացնում:

Հարավային Կորեայի բանակի գեներալ Շին Վոն-սիկը մամուլի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ բաժանվելով մոտ 20 մասի՝ 151 կիլոմետր բարձրությունից հրթիռն ուղևորվել է դեպի Երկիր և ընկել է Դեղին ծով՝ ափից 100-ից 150 կիլոմետր հեռավորության վրա:

Գեներալի համաձայն, հրթիռի արձակմամբ խախտվել են ՄԱԿ-ի թիվ 1718 և 1874 բանաձևերը, և արձակումը եղել գիտական արբանյակի դուրսբերմամբ քողարկված բալիստիկ հրթիռի փորձարկում:

Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերը բարձր պատրաստականության էին բերել զենիթային ստորաբաժանումները՝ Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի տարածքով անցնելու դեպքում հրթիռը ոչնչացնելու նպատակով:

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման խնդիրն ուրբաթ օրը քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

XS
SM
MD
LG