Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է հյուսիսկորեական հրթիռի արձակումը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեային՝ անցյալ շաբաթ գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի արձակումն իրականացնելու համար:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևում անցյալ ուրբաթ իրականացված արձակումը « Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների օգտագործումը սահմանափակելու նպատակով ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում» է անվանվել:

Բանաձևում նշվել է նաև, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն առաջացրել է մտահոգություն Արևելյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ կողմից ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապագայում զերծ մնա բալիստիկ տեխնոլոգիա օգտագործվող հրթիռների արձակումից և հորդորում Փխենյանին «դադարեցնել միջուկային սպառազինության և միջուկային ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերը՝ համապարփակ, անշրջելի և ստուգման ենթակա եղանակով»:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ վաղ առավոտյան Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հյուսիսային Փյոնգան նահանգում տեղակայված «Թոնգչանգ-րի» մեկնարկային հրապարակից իրականացրել էին հրթիռի արձակում, սակայն ավելի ուշ հայտնել, որ հրթիռը նախանշված ուղեծիր դուրս չէր եկել:

Պետական հեռուստատեսության հաղորդավարը հրթիռի արձակումից չորս ժամ անց հայտնել էր, որ «Քվանգմյոնգսոնգ-3» հետազոտական արբանյակը դուրս չի բերվել Երկրի ուղեծիր, և գիտնականները մեկնարկել են տեղի ունեցածի պատճառների հետաքննությունը:

Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, Հյուսիսային Կորեան իսկապես արձակել էր հրթիռը, որի թռիչքը սակայն երկար չի տևել:

Ըստ Միացյալ Նահանգների պաշտոնյաների, Հյուսիսային Կորեան արձակել է «Տեպո Դոնգ-2» տեսակի հրթիռ, որի ընթացքին հետևել է ԱՄՆ-ի արբանյակներից մեկը: Նրանց համաձայն, հրթիռի թռիչքը կատարվում էր հարավային ուղղությամբ, սակայն հրթիռի առաջին հատվածի Դեղին ծով ընկնելուց հետո մնացած երկու հատվածների թռիչքը ձախողվել էր և դրանք այլևս վտանգ չէին ներկայացրել:

XS
SM
MD
LG