Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները չորեքշաբթի օրը հայտնել են դեպի տիեզերք արձակման նախապատրաստվող հրթիռը վառելիքով լիցքավորելու մասին:
Հրթիռի մեկնարկային հրապարակի ղեկավարն այս մասին հայտնել է լրատվամիջոցների միջազգային խմբին, որի ներկայացուցիչներն ավելի ուշ հնարավորություն են ունեցել դիտելու մեկնարկային հրապարակից հրթիռը վառելիքով լիցքավորելու գործընթացի ուղիղ հեռարձակումը:
Մեկնարկային հրապարակի ղեկավարը հայտնել է նաև, որ հրթիռի ներսում տեղադրվելու է օդերևութաբանական արբանյակ, իսկ հրթիռը տիեզերք կարձակվի այս շաբաթվա հինգշաբթիից մինչև գալիք շաբաթվա երկուշաբթի օրն ընկած ժամանակահատվածում՝ կախված եղանակային պայմաններից:
Հյուսիսային Կորեայի տիեզերական ծրագրի փոխտնօրեն Ռյու Գամ Չոլը «Ամերիկայի Ձայն»-ի կորեական ծառայության լրագրողի հետ ունեցած զրույցում հայտնել է, թե հրթիռն արձակելու միակ նպատակը տիեզերքի հետազոտությունն է:
«Կարծում եմ՝ ձեր անհանգստությունն անհիմն է: Հրթիռի արձակման ժամանակը շատ կարևոր է, և դուք ամեն ինչ կիմանաք, երբ այցելեք ապրիլի 15-ին Քիմ Իլ Սունգի հարյուրերորդ տարեդարձը նշանավորող արարողությունը: Հրթիռը մշակել ենք լոկ տիեզերքն ուսումնասիրելու նպատակով, և բալիստիկ հրթիռ մշակելու մասին հայտարարություններն անտրամաբանական են», - ասել է Հյուսիսային Կորեայի տիեզերական ծրագրի փոխտնօրենը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը սակայն նշել է, որ հրթիռի գալիք արձակումը կասկած է հարուցել իր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու Հյուսիսային Կորեայի հայտնած ցանկության մասին:
Մերիլենդ նահանգում գտնվող ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիայում իր ելույթի ընթացքում Քլինթընը նշել է, որ հրթիռի արձակման մասին ծրագրերի մասին հայտարարությամբ Փխենյանը հանդես է եկել միջուկային և հրթիռային ծրագրերը դադարեցնելու վերաբերյալ իր համաձայնությունը տալուց ընդամենը մի քանի շաբաթ անց:
ԱՄՆ-ի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հրթիռն արձակելուց հետո Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել միջուկային ստորգետնյա երրորդ փորձարկումը: Այդ մասին վկայում են «Ամերիկայի Ձայն»-ին և այլ լրատվամիջոցներին այս շաբաթ հասանելի դարձած արբանյակային լուսանկարները: