Բաղըշ. «Որևէ պետություն չի կարող բանտարկել Թուրքիայի նախարարին»

Բաղըշ. «Որևէ պետություն չի կարող բանտարկել Թուրքիայի նախարարին»

Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար Շվեյցարիայի իշխանությունների կողմից սկսված հետաքննությունը «որևէ նշանակություն չունի» իր համար:

«Ես գիտեմ, որ ոչ մի երկիր չի կարող ձերբակալել Թուրքիայի նախարարին, և հարկ եղած դեպքում կվերադառնամ Դավոս և կկրկնեմ իմ խոսքերը», - ասել է Բաղըշը:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Բաղըշը նախկինում հրաժարվել է այս գործի շուրջ մեկնաբանություններ ներկայացնելուց, սակայն պատասխանել է լրագրողներին հարցերին՝ Բրյուսել կատարվելիք իր այցելությունից առաջ:

«Ըստ երևույթի, հետաքննությունն այժմ դեռևս սկզբնական փուլում է: Ինձ այս կապակցությամբ պաշտոնական որևէ փաստաթուղթ չի հասել: Մենք նախկինում պայքարել ենք խոսքի ազատության համար և միշտ կշարունակենք պայքարել», - ասել է Բաղըշը՝ հավելելով. «Լսել եմ, որ նրանք [Շվեյցարիայի իշխանություները] փորձում են հաստատել, արդյոք արտասանել եմ նման խոսքեր: Թող ժամանակ չկորցնեն: Ես արտասանել եմ և այսօր էլ եմ կրկնում այս խոսքերը և կկրկնեմ նորից, եթե Շվեյցարիա կատարվելիք ապագա այցերի ժամանակ ինձ հարցնեն այդ մասին»:

Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ:

Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը:

Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, որ «անցյալ շաբաթ բողոք է ստացվել, որից մենք տեղեկացրել ենք, թե Բաղըշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրված 261-րդ հոդվածը»: